Հայպետֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 12-ին մահացած հանդիսատեսը առողջական խնդիրներ ուներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
Նա տեղեկացրեց, որ սա առաջին դեպքն է, երբ հանդիսատեսը մահանում է, նախկինում դեպքեր են եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է: Համերգասրահում դեպքի օրը «Շնորհակալություն արաբական աշխարհին» խորագրով համերգ էր, երգչախմբերը հայկական եւ արաբական գործեր էին կատարում: Մահացած հանդիսատեսը սիրիահայ էր, ով համերգի էր եկել աղջկա եւ քրոջ ընտանիքի հետ: «Նա սրտի լուրջ խնդիր ունի, տրոմբ է ունեցել, ինչպես պատմեց աղջիկը, նա երկար ժամանակ տնից դուրս չէր եկել, բայց քանի որ նման համերգ կար, ցանկություն հայտնեց անպայման ներկա լինելու: Համերգ գնալու ճանապարհին կինը վատացել էր, մտածել են՝ ավելի լավ է գա, նստի, հանգիստ կզգա, սակայն համերգի ընթացքում նա վատացել է, ամեն ինչ վայրկյանական է եղել: Համերգն արդեն ավարտվում էր, բայց քանի որ այդ կինը վատացել էր, համարները հանեցինք եւ ավարտեցինք: Սիրիահայ կինը այնպիսի տեղում էր նստած, որ հանդիսատեսը գրեթե չիմացավ դեպքի մասին, դահլիճում որեւէ խուճապ չեղավ»,- ասաց համերգասրահի տնօրենը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայպետֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 12-ին հանդիսատես է մահացել: «Շտապօգնությունը» ահազանգը ստացել է 19.18 րոպեին, 19.23-ին բրիգադը եղել է տեղում, սակայն հանդիսատեսը՝ 74-ամյա Լուսինե Մինասյանը, արդեն մահացած է եղել: «Երբ որ բրիգադը տեղում էր, ինքը մահացած էր, անմիջապես եկել են ոստիկանները, դիակը տանելու բրիգադ»: Թե ինչն է մահվան պատճառը, պարզ կլինի դիահերձումից հետո»,- հայտնել են «Շտապօգնությունից»:




























