Նախկին ամուսիններ Արմեն Մ.-ն եւ Նունե Մ.-ն մեղադրվում են միմյանց դույլով եւ սրճեփով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել Երեւանում անցած տարվա հուլիսին 11-ի վաղ առավոտյան: Արմեն Մ.-ն դույլով եւ սրճեփով հարվածելով ծեծել է նախկին կնոջը՝ Նունե Մ.-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, աջ արմկահոդի շրջանում արյունազեղում եւ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նունե Մ.-ն էլ իր հերթին սրճեփով լի տաք սուրճը լցրել է Արմեն Մ.-ի աջ ոտնաթաթին:

Արմեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով եւ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նունե Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով եւ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին: