Քալիֆորնիան կարող է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ քաղցր գազավորված ըմպելիքների շշերի վրա կհայտնվի նախազգուշացնող գրառում, ինչպես որ ծխախոտի տուփերի վրա: Օրենսդիրներն առաջարկում են գրառումը տեղադրել գազավորած ըմպելիքների կամ հյութերի բոլոր շշերի ու մետաղյա տարաների վրա:
Նահանգի իշխանությունների ծրագրերի համաձայն՝ պիտակներին գրված է լինելու հետեւյալը. «Նախազգուշացում Քալիֆորնիա նահանգի անվտանգության մասին. շաքարավազի հավելումներով հյութերը հանգեցնում են ճարպակալման, դիաբետի ու կարիեսի զարգացման»,- հաղորդում է Russia Today-ը:
Նոր օրենքը կանդրադառնա արագ սնունդի ռեստորանների վրա: Այլեւս չի կարելի ֆասթֆուդի հետ գազավորված ըմպելիքներ օգտագործել անսահմանափակ քանակությամբ՝ վճարելով մեկ անգամ: Յուրաքանչյուր բաժակ կարտացոլվի անդորագրում:
Իշխանության նախաձեռնության դեմ արդեն դուրս է եկել Սառը ըմպելիքների ամերիկյան ասոցացիան, որի անդամների թվում են Coca-Cola Co.-ն, Pepsi-Cola Co.-ն եւ Dr. Pepper Snapple Group-ը: Ասոցացիայում հայտարարել են, որ բոլոր արտադրողները տարիներ շարունակ պիտակների վրա նշում են կալորիաների թիվը, որպեսզի օգնեն գնորդին ընտրություն կատարել: Քալիֆորնիայի բժշկական ասոցացիայում իրենց հերթին նշում են, որ օրական մեկ շիշ գազավորված ըմպելիքը 27 տոկոսով ավելացնում է ճարպակալման ռիսկը, իսկ երեխաների մոտ՝ 55 տոկոսով:

























