ԱՄՆ-ում 47-ամյա ծրագրավորող Մայքլ Դանը մեղավոր է ճանաչվել  կանխամտածված սպանության մեղադրանքով (II աստիճանի սպանություն): Նա կրակ էր արձակել դեռահասներով մեքենայի վրա, այն բանից հետո, երբ հրաժարվել էին իջեցնել երաժշտության ձայնը:

Երդվյալ ատենակալները Դանին մեղավոր են ճանաչել սպանության փորձի երեք դեպքում, սակայն չեն կարողացել մեղադրական վճիռ կայացնել «սպանության» հոդվածով: Այնուամենայնիվ, Դանին սպառնում է 60 տարվա ազատազրկում:

Հաղորդում են, որ 2012թ.-ին Դանը պահանջել է խանութի մոտ կայանած մեքենայում նստած սեւամորթ դեռահասներից իջեցնել երաժշտության ձայնը: Այն բանից հետո, երբ դեռահասները մերժել են, Դանը, ով զենք կրելու թույլտվություն ունի, հանել է ատրճանակն ու տաս կրակոց արձակել մեքենայի ուղղությամբ: Փամփուշտներից մեկը վիրավորել է 17-ամյա Ջորդան Դեւիսին, ով ստացած վնասվածքներից մահացել էր:

Դատարանում Դանը հայտարարել էր, որ գործել է ինքնապաշտպանության նկատառումներով, քանի որ իրեն թվացել է, որ դեռահասներից մեկն իր վրա հրազեն է պահել: Սակայն քննչական խումբը հանցանքի վայրում նման բան չի հայտնաբերել: Դեւիսից բացի մեքենայում են գտնվել եւս երեք երիտասարդ, հաղորդում ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Մեղադրող կողմը պնդում է, որ Դանը կրակել է ոչ թե իր անվտանգության համար, այլ վիրավորված զգալու պատճառով. այն բանից հետո, երբ Դեւիսի ընկերներից մեկն իջեցցրել է երաժշտության ձայնը, դեռահասը ցուցադրաբար դարձյալ բարձրացրել է՝ հայհոյելով Դանին: «Ջորդան Դեւիսը զենք չուներ, շատ երկար լեզու ուներ»,- հայտարարել է դատախազ Ջոն Գայը՝ հանդես գալով ատենակալների առաջ: