Ռուսաստանի Պրիմորյեի բնակիչը 24,5 տարվա ազատազրկման է դատապարտվել` Ուսուրիյսկից ութամյա աղջկա սպանության համար:

Հաղորդվում է, որ երկրորդ դասարանի աշակերտուհին  2013թ. փետրվարի 19-ին դպրոցից դուրս էր եկել եւ ուղեւորվել դեպի ավտոբուսի կանգառ, որտեղ պետք է հանդիպեր ծնողներին: Երեխային երկար սպասելուց հետո ծնողները ոստիկանությանը հայտնել էին աղջկա անհետացման մասին: Նրա մարմինը հայտնաբերվել էր Ուսուրիյսկից 15 կմ հեռվում ` ձյան մեջ, ճանապարհի եզրին: 

Շուտով աղջկա սպանության կասկածյալ տաքսիստը խոստովանական ցուցմունք էր տվել: Նա պատմել էր, որ նկատել էր դպրոցից տուն վերադարձող աղջկան եւ նրան համոզել իր մեքենան նստել`  այնտեղ իբրեւ թե գտնվող կատվին տեսնելու համար:

Տղամարդն աղջկան տարել էր քաղաքից դուրս եւ փորձել բռնաբարել: Այնուհետեւ մի քանի անգամ դանակահարել էր աղջկան, վերջինս մահացել էր:

«Դատարանը Անատոլի Տրապկոյին 24,5 տարվա ազատազրկման է դատապարտել: Դատարանը նրան պարտավորեցրել է սպանվածի ընտանիքին վճարել նաեւ 2 միլիոն ռուբլի՝ որպես  բարոյական վնասի փոխհատուցում», - հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Պրիմորյեի դատարանի ներկայացուցչին: