Ճապոնիայի Տոբա քաղաքի ակվապարկում սատկել է հսկա իզոպոդ` բացառիկ տեսակի խեցգետին, որն ապրում է օվկիանոսի խորքերում: Համար մեկ անունով ծովահրեշը 2009թ.-ից համառորեն հրաժարվում էր իրեն առաջարկվող կերակուրից, նույնիսկ ձկներից եւ ութոտնուկներից:
Մինչդեռ դիահերձումը ցույց է տվել, որ հացադուլ հայտարարած խեցգետինը թերսնումից չի սատկել, նրա օրգանիզմը բնավ էլ հյուծված չի եղել: Նախկինում գիտնականները կասկածում էին, որ ակվարիումի բնակիչը կարողանում է սնվել իրենցից աննկատ, սակայն այժմ պարզվել է, որ այս տարիների ընթացքում նա իսկապես սոված է մնացել:
«Իզոպոդները բնակվում են ջրի հատակին եւ սնվում են այն ամենով, ինչ պատահի: Նրանց օրգանիզմում կենսական գործընթացները շատ դանդաղ են տեղի ունենում, եւ այս արարածները կարող են երկար ապրել` առանց սնվելու», - պատմել է Հարավային ծովերի կենսաբանության ինստիտուտի առաջատար ինժեներ Դմիտրի Սմիրնովը, հայտնում է segodnya.ua-ը:




























