Ավագ դպրոցների գաղափարախոսությունը առողջ է, լավն է, սակայն դրա իրականացնողները տապալում են այն։ Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հարցերի մշտական հանձաժողովի անդամ Անահիտ Բախշյանը։

Որպես գաղափարախոսության իրական տապալողներ համարելով մարզպետերին՝ նա երկրորդ տեղը բաժին հանեց դպրոցների տնօրեններին, ովքեր, պատգամավորի խոսքով, չեն գիտակցում ավագ դպրոցների կայացման կարեւորությունը եւ չեն խորանում դրա էության մեջ. «Գաղափարը կարեւոր է այնքանով, որքանով կրկնուսույցների գործառույթները բերվում են դպրոց։ Կարելի է ասել՝ սա նախամասնագիտական կրթություն է, որը հնարավորություն է տալիս երեխային շաբաթական 6-8 ժամ խորացված կերպով ուսումնասիրել իրեն անհրաժեշտ առարկաները»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ կառավարության կողմից ավագ դպրոցների ներդրման ռազմավարությունը սկսել է իրականացվել 2008թ.-ից։