50 երկրների բնակիչներ ստորագրահավաք են սկսել՝ Բելգիայի միապետին դիմելու համար, որպեսզի վերջինս չստորագրի անբուժելի հիվանդ երեխաների էվթանազիան թույլատրող օրենքը, որն ընդունել էր երկրի խորհրդարանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով KAI-ը:
«Ձերդ Գերազանցություն, խնդրում ենք ականջալուր լինել խղճի ձայնին», — ասված է խնդրագրում, որի ներքո ստորագրությունները հավաքվում են իսպանական CitizenGO հիմնադրամի նախաձեռնությամբ:
Փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանի ընդունած փաստաթուղթը «ամբողջ աշխարհում էվթանազիայի վերաբերյալ ամենասարսափելի օրենքն է», եւ որ թագավորը չպետք է լինի ընդունված որոշումների գերին, քանի որ «միապետի համար բարոյագիտական արժեքները սկզբունքային նշանակություն ունեն»: Ըստ նախաձեռնողների` դիմումը, որտեղ արտահայտվել է եվրոպացիների կամքը, պետք է օգնի թագավոր Ֆիլիպին ` «դժվար որոշում» ընդունելիս:
Հիշեցնենք, որ ըստ օրինագծի, անբուժելի հիվանդ անչափահաս հիվանդները կարող են էվթանազիայի մասին խնդրել այն դեպքում, երբ ցավն անտանելի է եւ այն թեթեւացնելու այլ հնար չկա, եւ ըստ բժիշկների` նրանց հիվանդությունն անբուժելի է: Դա կարող է հավանություն ստանալ բուժող բժշկի կողմից` ծնողների գրավոր համաձայնության դեպքում:
Օրենքի սուր քննադատությամբ հանդես էին եկել Եվրոպայի տարբեր երկրների կաթոլիկ եպիսկոպոսները: Ըստ Բելգիայի եպիսկոպոսապետ Անդրե Լեոնարդի` Բելգիայում զարմանալիորեն «քաղաքացիական իրավունքը թույլ չի տալիս անչափահասներին ամուսնանալ կամ տուն գնել, սակայն թույլ է տալիս լուծել կենաց եւ մահու հարցը»:

























