Facebook-ը բանակցություններ է վարում` բջջային WhatsApp ծառայությունը 16 միլիարդ դոլարով ձեռք բերելու համար: 
Հաղորդվում է, որ բջջային ծառայությունների համար աշխարհի ամենախոշոր սոցիալական կայքը մտադիր է վճարել 4 միլիարդ դոլար կանխիկ եւ 12 միլիարդ դոլար` բաժնետոմսերով: Գործարքի շրջանակներում CEO WhatsApp-ի հիմնադիր Յան Կումը կընդգրկվի Facebook-ի տնօրենների խորհրդում եւ կստանա սոցցանցի 3 միլիարդ դոլարի բաժնետոմսեր:

Facebook-ի հայտարարության մեջ նշվում է, որ  ընկերությունը, ինչպես եւ Instagram-ը գնելու դեպքում, չի փոխելու բջջային ծառայության գործառականությունը եւ նրա ապրանքանիշը: WhatsApp-ի ձեռքբերումն ամենախոշոր ֆինանսական գործարքն է սոցցանցի պատմության մեջ: Instagram –ի համար սոցցանցը վճարել էր 1 միլիարդ դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Agence France-Presse-ը:

WhatsApp-ը հիմնադրվել է 2009թ., այն թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ եւ պատկերներ ուղարկել ինտերնետով: WhatsApp –ն առավելություն ունի իր մրցակիցներ iMessages-ի եւ  BBM-ի նկատմամբ: Ամեն ամիս ծառայությունից օգտվում է 450 միլիոն մարդ: