Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռը Խարկովի օդանավակայանում վայրէջք չի կատարել: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փետրվարի 22-ի առավոտյան հաղորդել են օդանավակայանի տեղեկտվական ծառայությունից: Միեւնույն ժամանակ «Ինտերֆաքսը», վկայակոչելով անանուն աղբյուրին, հաղորդել է Ուկրաինայի նախագահի Խարկով ժամանելու մասին:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, որ Յանուկովիչն իր շրջապատի հետ շտապ լքել է Կիեւը փետրվարի 22-ի գիշերը: Մասնավորապես ասվում էր այն մասին, որ Խարկովում նախագահը կմասնակցի Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջանների պատգամավորների համագումարին, որի կազմակերպիչն է «Ուկրաինական ճակատ» միությունը:
Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, Յանուկովիչն ինքնաթիռով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Դրանից առաջ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմադիր առաջնորդները ստորագրել էին համաձայնություն երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին: Այն նախատեսում է Ուկրաինայում 2004թ.-ի Սահմանադրության վերականգնում, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները ու ձեւավորում է ազգային միասնության կոալիցիա:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, համացանցում ինքնաթիռին հետեւող ակտիվիստները պնդում են, որ ենթադրաբար Յանուկովիչին պատկանող ինքնաթիռը վայրէջք է կատարել Արաբական Միացյալ էմիրությունների օդանավակայաններից մեկում:
Ուկրաինական լրատվամիջոցները նաեւ նշում են, որ առանց նախագահի ստորագրության Ռադայի ընդունած մի շարք «հեղափոխական» որոշումներ չեն կարող օրենքի ուժ ստանալ, ինչպես օրինակ օրենսդրության փոփոխությունները, որոնք թույլ կտան ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին:




























