Այն ինքնաթիռը, որում, ուկրաինացի ընդդիմադիրների կարծիքով, գտնվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, անցել է Հայաստանի տարածքով, սակայն շարունակել է ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այդ կարծիքին նա հանգել է Ուկրաինայից դուրս եկող ինքնաթիռների թռիչքը օնլայն հետեւելով:
Իսկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկատվություն չունեն:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, որ Յանուկովիչն իր շրջապատի հետ շտապ լքել է Կիեւը փետրվարի 22-ի գիշերը: Մասնավորապես ասվում էր այն մասին, որ Խարկովում նախագահը կմասնակցի Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջանների պատգամավորների համագումարին, որի կազմակերպիչն է «Ուկրաինական ճակատ» միությունը: Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, Յանուկովիչն ինքնաթիռով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Մասնավորապես, Argument.ua կայքը գրել է, թե Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է խնդրել Թեհրանից, սակայն մերժում է ստացել: Թիվ AOJ92C չվերթի նախագահական ինքնաթիռին մերժել է նաեւ Դուբայի օդանավակայանը, եւ այն ստիպված վայրէջք է կատարել ԱՄԷ-ի Ֆուջայրահ փոքր քաղաքի միջազգային օդանավակայանում, ամենայն հավանականությամբ՝ լիցքավորելու եւ թռիչքը շարունակելու համար:
Դրանից առաջ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմադիր առաջնորդները ստորագրել էին համաձայնություն երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին: Այն նախատեսում է Ուկրաինայում 2004թ.-ի Սահմանադրության վերականգնում, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները ու ձեւավորում է ազգային միասնության կոալիցիա:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, համացանցում ինքնաթիռին հետեւող ակտիվիստները պնդում են, որ ենթադրաբար Յանուկովիչին պատկանող ինքնաթիռը վայրէջք է կատարել Արաբական Միացյալ էմիրությունների օդանավակայաններից մեկում:
Ուկրաինական լրատվամիջոցները նաեւ նշում են, որ առանց նախագահի ստորագրության Ռադայի ընդունած մի շարք «հեղափոխական» որոշումներ չեն կարող օրենքի ուժ ստանալ, ինչպես օրինակ օրենսդրության փոփոխությունները, որոնք թույլ կտան ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին:



























