Ապրիլի 20-ին Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության, ոռոգման ցանցի ու կանաչապատման այս տարվա քաղաքային ծրագրերին վերաբերող խնդիրներ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:
Նշվել է, որ ոռոգման ցանցով ապահովված չեն 136 դպրոցների ու 127 մանկապարտեզների բակային տարածքներ, սակայն դրանք ընդգրկված են ոռոգման ցանցի ընդլայնման գալիք տարվա ծրագրում: Զեկուցվել է, որ ընթացքում են Գետառը մաքրելու աշխատանքները: Տ. Մարգարյանը կարևորել է, որ մաքրելուց հետո խիստ հսկողություն սահմանվի քաղաքն աղտոտողների և, մասնավորապես, Գետառում աղբ թափողների նկատմամբ, եւ նաեւ օրենքով սահմանված տուգանքներ կիրառվեն։
Անդրադառնալով մայրաքաղաքի ցայտաղբյուրների խնդրին` նշվել է, որ «Երևան Ջուր» ընկերությունը պարտավոր է ապահովել դրանց անխափան ջրամատակարարումը. «Մեծ չափերի հասնող ջրի կորուստների ծավալում ցայտաղբյուրների ջուրը կաթիլ է ծովում: Ցայտաղբյուրները Երևանի համար ավանդույթ են, մենք պարտավոր ենք դրանք պահպանել»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Երևանի գեղեցիկ խաղային ատրակցիոններ ունեցող բակերի թիվն առաջիկայում 24-ով կավելանա. արտերկրից ներմուծված մանկական խաղերը համամասնորեն կտեղադրվեն վարչական բոլոր շրջաններում:
Հանձնարարվել է խստորեն հետևել, որպեսզի շինարարական կազմակերպությունների բեռնատար մեքենաները չլվացված անվադողերով ու բաց թափքով չերթևեկեն մայրաքաղաքում. այս մասով վերահսկողությունը վերապահված է Ճանապարհային ոստիկանությանը:
Հանձնարարականներ են եղել թափառող կենդանիների վնասազերծման, առևտրի կանոնների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու, մանկապարտեզների գազիֆիկացման և այլ խնդիրների վերաբերյալ:




























