Երեւանի տաքսիների 90 տոկոսից ավելին իրենց սակագների մասին տեղեկություն չեն հայտնում: Այս մասին լրագրողներին մարտի 4-ին հայտնել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը:  Նրա խոսքով՝ իրականում շուկայում 1 կմ-ը 100 դրամով տեղափոխող տաքսի չկա:

«Սպառողին գնի մասին պետք  է նախօրոք տեղեկացնել: Դուք գիտեք մեր մտածելակերպը. նստել՝ նստել եմ: Եթե վարորդն անհարմար գին ասի, ոչ ոք չի ասի՝ կանգնեցրու իջնեմ: Այդ պատճառով սպառողը պետք է գինը նախօրոք տեսնի՝ դրսից», - ընդգծել է Պիպոյանը:

Ընդ որում, հավելել է նա, պետք է ոչ միայն 1 կմ-ի սակագինը նշել, այլեւ նվազագույնը եւ մատնանշել այդ նվազագույնի հեռավորությունը:

«Մեծամասնությունը գրում է՝ «նվազագույնը՝ 600 դրամ»: Քանի կմ է այդ նվազագույնը՝ ոչ ոք չգիտի: Մենք սովոր ենք, որ հաշվիչը միանա 5 կմ-ից հետո: Բայց ոմանց մոտ 4-ից, ոմանց մոտ էլ՝ անգամ 2 կմ-ից հետո միանում է: Այս ամենը թույլ է տալիս գնի հետ «խաղ անել»» , - նշելէ Պիպոյանը:

Մյուս խնդիրը տաքսոմետրի չափումներն են: Հայտնի է, որ հեռավորությունն այն հաշվում է անիվների պտույտի քանակով: «Բնականաբար, թեթեւ մեքենաների անիվների տրամագիծը շատ չի տարբերվում՝ փոխադրման սակագինը պյուս-մինուս 5% է: Վտանգավորն այն է, երբ հաշվիչի ալգորիթմը փոխում են այնպես, որ անիվների 750 մ պտույտն այն գրանցի որպես 1 կմ», – պարզաբանել է ՀԿ-ի նախագահը: Ըստ նրա՝ պետք է մշակել  տաքսիների հաշվիչների վերահսկողություն: «Թե որ պետական մարմինը դրանով կզբաղվի՝ տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը, տրանսպորտի նախարարությունը թե ոստիկանությունը, մեզ համար սկզբունքային նշանակություն չունի», - նշել է Բաբկեն Պիպոյանը:

Նշենք, որ տարբեր գնահատականներով՝ միայն Երեւանում գործում է շուրջ 20 հազար տաքսի: Ճշգրիտ թիվը հաշվառման ենթակա չէ, քանի որ  դրանց կեսն ապօրինի է աշխատում: