Հայաստանում կառանձնացնեն անշարժ գույքի հարկն ու գույքահարկը: «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագիծը հաստատվել է Գործադիրի մարտի 6-ի նիստում:

Այժմ գույքահարկը գանձվում է եւ մեքենաներից եւ անշարժ գույքից: Իսկ անշարժ գույքից հավելյալ գանձվում է հողի հարկ: Կառավարությունը առաջարկում է անշարժ գույքի երկու հարկերը միավորել մեկում, իսկ մեքենաների հարկն առանձնացնել:

Մեքենաների հարկային գործող  դրույքներն առաջարկվում է թողնել նույնը: Փոխադրամիջոցների սեփականատերերը կազատվեն հարկերի հաշվարկումից. Այդ պարտավորությունը կդրվի ՏԻՄ հարկահավաք  մարմինների վրա:

Օրինագծում հարկային հետեւյալ դրույքաչափերն են սահմանված. 10-ից քիչ  նստատեղերով մեքենաների համար՝ 200 դրամ՝ մեկ ձիաուժի համար (մինչեւ 120 ձիաուժ հզորության դեպքում ), 300 դրամ (121 – 250 ձիաուժ) եւ 500 դրամ (251 եւ ավելի ձիաուժ), այդ թվում՝ հավելյալ 1000 դրամ յուրաքանչյուր բարձր ձիաուժի համար:

10-ից ավելի նստատեղերի եւ բեռնա-ուղեւորատար մեքենաների դեպքում հարկային դրույքաչափն առաջարկվում է 100 դրամ՝ մինչեւ 200 ձիաուժի դեպքում, եւ 200 դրամ՝ 200-ից ավելի դեպքում:

Մեքենայի արտադրման 4-րդ տարին լրանալուց հետո  հարկի տարեկան ծավալը նվազում է 10%-ով՝ 5 տարվա ընթացքում (մինչեւ 50%): 20-ից ավելի տարվա բեռնա-ուղեւորատար մեքենաներից (մասնավորապես միկրոավտոբուսներից) հարկ  չի գանձվում:  Էլեկտրական փոխադրամիջոցներից  (որտեղ հզորությունը ոչ թե ձիաուժով, այլ կիլովատով է չափվում), հարկը կհաշվարկվի  1,36 գործակիցով: