Հայոց ցեղասպանությունը մեծ ողբերգություն է ողջ մարդկության համար` մարդու սպանությունը ոչնչով չի կարելի արդարացնել, ոչ մի գաղափարով ու քաղաքական դրդապատճառներով, լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` այցելելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր: Ընդ որում, դեսպանն ընդգծել է, որ մարդկությունը պետք է ձեռնարկի բոլոր ջանքերը` թույլ չտալու նման հանցագործության կրկնությունն ապագայում:
Նշենք, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում մտահղացվել եւ իրականացվել է 1,5 միլիոն հայերի սպանությունը: 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց եւ սպանվեց հայկական ողջ մտավորականությունը: Այդ օրը նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել են Որուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Չիլին, Շվեդիան եւ մի շարք այլ երկրներ: Մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանվում:




























