Արգենտինայի Ազգային սենատի և Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ, Սենատի «Մանուել Բելգրանո» դահլիճում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում:
Միջոցառմանը ներկա են եղել Արգենտինայի խորհրդարանի անդամներ, անվանի քաղաքական-հասարակական գործիչներ, ինչպիսիք են Արգենտինայի Հաշվիչ պալատի նախագահ Լեանդրո Դեսպույը, Խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի Ազգային ինստիտուտի նախագահ Կլաուդիո Մորգադոն, Արգենտինայի հրեական կազմակերպությունների ընկերակցության նախագահ Ալդո Դոնցիսը, ԱՀ արտաքին գործերի, միջազգային առևտրի ու պաշտամունքի նախարարության պաշտամունքի հարցերով փոխնախարար Գիլյերմո Օլիվիերին, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների անդամներ, բազմաթիվ լրագրողներ:
Միջոցառմանը մասնակցել են նաև Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը:
Ելույթներով հանդես են եկել Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը, Արգենտինայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Ռիկարդո Ալֆոնսինը, Սենատի անդամ Դանիել Ֆիլմուսը, Դաշնային դատավոր Դանիել Ռաֆեկասը, Խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի Ազգային ինստիտուտի փոխնախագահ Պեդրո Մուրադյանը, «Մայիսյան հրապարակի տատիկներ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Էստելա Կարլոտտոն:
Ելույթ ունեցողները կոչ են արել թուրքական իշխանություններին՝ քաղաքական կամք դրսևորել ու հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու անիմաստ քաղաքականությունից:




























