ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է ավանդական ուղերձով ապրիլի 24-ի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Եւ այս տարի Սպիտակ տան ղեկավարը չի արտասանել «ցեղասպանություն» բառը՝ ներկայացնելով այդ տարիների դեպքերը: Դրա փոխարեն նա օգտագործել է հայկական «Մեծ Եղեռն» հասկացությունը: Այս կերպ Օբաման արդեն երկրորդ տարին շարունակ խախտում է հայերին տված իր նախընտրական խոստումը:

"Հիշատակի այս սգո օրը մենք հիշում ենք 20-րդ դարասկզբի սարսափելի ոճրագործության մասին, որ տեղի է ունեցել 95 տարի առաջ: Պատմության այդ մռայլ փուլում Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայ սպանվեց: Այսօր օրն է, երբ պետք է դասեր քաղենք անցյալից: Ես հետեւողականորեն արտահայտել եմ սեփական տեսակետս այն մասին, թե ինչ է եղել 1915թ. Եւ կարծում եմ, որ պատմությունը հնարավոր չէ փոխել: Մենք շահագրգռված ենք փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչմամբ: Թուրքերն ու հայերը պետք է միասին ընդունեն սեփական պատմությունը: Ոչ ոք չի կարող հետ բերել «Մեծ Եղեռնի» ժամանակ զոհվածներին: «Թուրք եւ հայ ժողովուրդներն ուժեղ կդառնան, երբ ընդունեն իրենց ընդհանուր պատմությունն ու գիտակցեն իրենց մարդկային էությունը»,- հայտարարել է Օբաման:

«Անգամ երբ մենք բախվում ենք 1915թ. դաժանության հետ, մեզ ոգեշնչում է հայ ժողովրդի զարմանալի ոգին: Թեեւ ոչ ոք չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի ժամանակ զոհվածներին, այն համաշխարհային ավանդը, որ ներդրել են հայերը վերջին 95 տարում, հայ ժողովրդի ուժի, տոկունության եւ տղամարդկության առհավատչյան է: Հայ ժողովրդի անսանձելի ոգին ամրապնդեց հաղթանակը նրանց նկատմամբ, ովքեր մտադրվել էին ոչնչացնել իրեն»,- նկատել է Օբաման:

Նրա խոսքով, շատ հայեր, որոնք ապրել են 1915 թվականի սարսափները, տեղափոխվել են ԱՄՆ: «Անցել են ժամանակներ, եւ հայկական արմատներով ամերիկացիների նոր սերունդները հիմա իրենց ներդրումն են ունենում մեր տնտեսության մեջ, նպաստում մեր ժողովրդավարության ամրապնդմանը:

Հայերի ամուր ավանդույթներն ու մշակույթը նույնպես դարձան մեր նոր հանրապետության հիմքը, միջազգային հանրության մի մասը, որն իր հարաբերություններն է հաստատել աշխարհի հետ՝ լավ ապագա կերտելու համար: Մենք այսօր նրանց եւ աշխարհի բոլոր հայերի հետ հիշում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները եւ հիանում այն մեծ ավանդով, որը դուրս է գալիս այդ սարսափելի անցյալի շրջանակներից եւ մեզ բոլորիս ապագայի հույս է տալիս»,- իր ուղերձում նշել է Բարաք Օբաման: