Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ,Ղազախստանի հայաշատ քաղաքներում տեղի են ունեցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Այսօր, վաղ առավոտյան, Ալմաթիի «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն, որից հետո մասնակիցները ծաղկեպսակներ են դրել տեղի հայկական մշակութային կենտրոնում գտնվող խաչքար-հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Աստանա և Կոստանայ քաղաքներում միջոցառումները սկսվել են տեղի ուղղափառ եկեղեցիներում անցկացված հիշատակի պատարագներով, որոնց կազմակերպման գործում անմիջական մասնակցություն են ունեցել ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, «Էրեբունի» և «Վան» հայկական մշակութային կենտրոնների ղեկավարությունը: Կոստանայի «Էրեբունի» հայկական համայնքի ջանքերով «Կոստանայի նորություններ» թերթում տպագրվել է Հայոց ցեղասպանության թեմայով նյութ, որը արտատպվել է www.armyane.kz էլեկտրոնային կայքէջում:

Աստանայում անցկացված հիշատակի միջոցառումներին մասնակցել է նաև Հայաստանից ժամանած ՀՀ ուսուցիչների պատվիրակությունը: Օրվա երկրորդ կեսին և՛ Աստանայում և՛ Կոստանայում հայ և այլ համայքների ներկայացուցիչների համար կազմակերպվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրություն` ի հիշատակ 1,5 միլիոն հայ նահատակների:

Սգո արարողություններ են անցկացվել նաև Կարագանդայի «Սպասկ» հուշահամալիրում, Պավլոդարի և Պետրապավլովսկի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի առջև, ուր մասնակիցների թվում, ականատեսների վկայությամբ, բացի հայերից, եղել են բազմաթիվ այլազգի ներկայացուցիչներ:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրը նշվել է նաև Բիշքեկում: Չնայած Ղրղզստանում դեռևս պահպանվող ներքաղաքական լարվածությանը, Բիշքեկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը և «Նաիրի» հասարակական միությունը անցկացրել են հուշ-հավաք ու ծաղկեպսակների զետեղման արարողություն` հայկական խաչքարի առջև: Բոլոր հայկական համայնքներում տեղի ժամանակով ժ.19.15-ին ծրագրված է անցկացնել լռության րոպե: