Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված Բարաք Օբամայի ուղերձը «ճիշտ չէր»:

Օմաբան իր ելույթում 1915թ. դեպքերը «մեծ ողբերգություն» էր անվանել, «20-րդ դարի ամենամեծ գազանություններից մեկը»:

«Թուրքիան դեմ է, որ պատմությունը դատեն քաղաքական դրդապատճառներով»,- ասել է Դավութօղլուն: Նա հավելել է, որ այդ տարիներին գնահատական տալը պատմաբանների գործն է, եւ նման պատմական դեպքերը պետք է քննարկվեն այն երկրների կողմից, որոնք անմիջականորեն կապված են այդ հարցի հետ:

Դավութօղլուն անթույլատրելի է համարում նման հարցերի լուծումը գործադիր իշխանության կողմից։ «Մենք խորապես ցավում ենք Օբամայի այդ հայտարարության համար, որն արտացոլում է միայն մեկ կողմից տեսակետը ներկայացնող ոչ կոռեկտ քաղաքական որոշում»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նշենք, որ Օբաման իր ելույթում այս անգամ էլ հիասթափեցրեց հայերին՝ «Ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ 42 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: