Ադրբեջանի մայրաքաղաքում ապրիլի 25-ին կայացել է ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդների նիստը։ Նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ-երկրների 17 հոգեւոր գործիչներ։

Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՊՀ Միջկրոնական միության համանախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Նա նիստի մասնակիցներին է ներկայացրել Միության նոր համանախագահ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին։ Նիստի ընթացքում ելույթ են ունեցել ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդներ, ովքեր քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Մասնակիցները շեշտել են, որ կրոնը պետք է փոխըմբռնման եւ վստահության հիմք ծառայի։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Բաքվում մեկնարկել է աշխարհի հոգեւոր առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում տեղի կունենա քառակողմ հանդիպում, որին կմասնակցեն Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Համայն Վրաց պատրիարքը, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյոււրը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը։