Ապրիլի 29-ին Բեյրութում տեղի է ունեցել Հայկազյան համալսարանի վերանորոգված «Ժառանգության շենքի» բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի բարձր հովանավորությամբ: Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում ելույթով հանդես են եկել համալսարանի երգիչներն ու պարախումբը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկոյան կազմակերպված ճաշկերույթին ներկաներին շնորհավորական խոսքով դիմել են Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Սիսոնը, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյանի նախագահ Փոլ Հայդոստյանը, համալսարանի հոգեբարձուների խորհրդի անդամները:
ՀՀ դեսպանը, Համալսարանի տնօրինությանը ու բոլոր ներկաներին շնորհավորելով «Ժառանգության շենքի» բացման կապակցությամբ, ընդգծել է, որ Հայկազյան համալսարանը իր հզոր հայկական ոգով եւ ներկայությամբ մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Լիբանանում այլեւ` Հայաստանում եւ արտերկրում:
Նշվել է, որ Հայկազյանը, որն այս տարի աշնանը նշելու է հիմնադրման 55-ամյակը, սերտ համագործում է ՀՀ Սփյուռքի նախարարության, ինչպես նաեւ` Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների հետ:
Մասնավորապես, Երեւանի պետական համալսարանը 2009թ. Հայկազյանի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, իսկ վերջերս Երեւանի բժշկական համալսարանի ներկայացուցիչները Հայկազյանի ղեկավարության հետ քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները:
Միջոցառումներին մասնակցել են նախարարներ, պատգամավորներ, հոգեւոր առաջնորդներ, պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:



























