Մայիսի 2-ին տեղի ունեցած Պահպանողական կուսակցության 9-րդ համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Միքայել Հայրապետյանը, փոխնախագահ` Զավեն Վարդանյանը, գործադիր քարտուղար` Թաթուլ Մկրտչյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Պահպանողական կուսակցության համագումարում բանաձեւ է ընդունվել, որտեղ մասնավորապես ասվում է.

«2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունները, ինչպես նաեւ 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունները կեղծված են, եւ այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն:

ՀՀ-ում ազատ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ Սահմանադրական կարգի հաստատումը մեր պետության թիվ մեկ քաղաքական, եւ Հայաստանի քաղաքացիների համար ազգային գերխնդիր է:

Ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում կնքվելիք որեւէ աննպաստ պայմանագիր հայ պահպանողականների կողմից կհամարվի օրենքի ուժ չունեցող եւ, անկախ վաղեմության ժամկետից, ենթակա է չճանաչման գալիք լեգիտիմ իշխանությունների կողմից:

Հայաստանում Սահմանադրական կարգի հաստատման նպատակով Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել սույն բանաձեւին հարիր մոտեցումներ եւ նպատակ հետապնդող քաղաքական բոլոր ուժերի եւ քաղաքացիների հետ»: