Բելառուսի ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Միլինկեւիչը մայիսի 3-ին հայտարարել է 2011 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու մտադրության մասին։
BBC-ի հաղորդմամբ, Միլինկեւիչը հայտարարել է. «Ես որոշել եմ իմ թեկնածությունը առաջադրել եկող նախագահական ընտրություններում։ Ես ուժ ունեմ, շատ գիտեմ եւ պայքարելու եմ միայն հաղթանակի համար»։
Ընդ որում, քաղաքական գործիչը բարձր է գնահատում նախագահ դառնալու իր հնարավորությունները։ Նա նաեւ ներկայացրել է Բելառուսի զարգացման իր տեսլականը։
«5 տարի հետո Բելառուսը կենսամակարդակով պետք է մոտ լինի Եվրոպական զարգացած երկրների կենսամակարդակին»,-մասնավորապես ընդգծել է Միլինկեւիչը։ Նա նպատակ ունի հատուկ ուշադրություն դարձնել իշխանության բաշխման, արդար ընտրությունների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների դերի բարձրացմանը վրա։
Արտաքին քաղաքականության ոլորտում Միլինկեւիչը որդեգրելու է չեզոք դիրք։ Միեւնույն ժամանակ, սակայն, նա խոսում է եվրաինտեգրման եւ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու մասին։
РИА Новости գործակալությունը հիշեցնում է, որ Բելառուսի նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2011 թվականի փետրվարի 6-ից ոչ ուշ։ Ալեքսանդր Միլինկեւիչը 2006 թվականին արդեն առաջադրվել էր։ Այն ժամանակ նա հավաքել էր ընդամենը 6 % ձայն։




























