NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է կանադական «National Post» -ի խմբագիր, Վաշինգթոնում ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի աշխատակից Ջոնաթան Քեյի հոդվածը:

Թեեւ Հայոց ցեղասպանությունից մոտ 100 տարի է անցել, կարեւոր է, որ մենք շարունակում ենք հիշել այդ իրադարձությունը, հատկապես այն պատճառով, որ աշխարհում ոմանք երեւակայում են, իբր, դա չի եղել մարդկության դեմ ուղղված հանցագործություն, այլ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ոչ դիտավորյալ բացասական հետեւանք:

Ես ծնվել եմ Մոնրեալում 1960 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ քաղաքը շատերի համար տուն դարձավ, որոնք փրկվել էին Հոլոքոստից: Եվ հաշվի առնելով, թե ինչպես եմ ես մեծացել, ես շատ բան իմացա նրանց սարսափելի տանջանքների մասին: Յուրաքանչյում կրթված մարդ ընդունել է այս սարսափները: Ոչ ոք, բացառությամբ որոշ լուսանքայինների, չի փորձել հերքել իրողությունը, որի միջով մարդիկ ստիպված են եղել անցնել: «Հոլոքոստը ժխտող» արտահայտությունը լուրջ վիրավորանք է: Այն ցույց է տալիս, որ այդպիսի մարդը թշնամանք հրահրող է, որն ապրում է մութ երեւակայության աշխարհում:

Ցավոք, Հայոց ցեղասպանությունը վերապրածներից շատերը եւ նրանց սերունդները միշտ չէ որ նման վերաբերմունք են տեսել իրենց պատմության ընթացքում: Նրանք պետք է ոչ միայն պայքարեին իրենց կյանքի ու ժառանգության համար, այլեւ ստիպված էին անընդհատ պայքար մղել պատմական արդարության համար:

Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչելուց խուսափելն անարդարություն է ոչ միայն  հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության նկատմամբ, քանի որ, ի վերջո, մարդու նկատմամբ չարիքից ստացված միակ օգուտը այդ չարի վերաբերյալ մեր գիտելիքները եւ դրա խորության ըմբռնումն ավելացնելն է, որն էլ դառնում է ապագա տառապանքները կանխելու միջոց: Եվ հնարավոր չէ այդ իմացությունն ու ըմբռնումը ձեռք բերել, եթե մարդիկ, ինչպես եւ ժամանակակից Թուրքիայում, իրականությունից թաքնվում են՝ իրենց ազգային հպարտությունը պաշտպանելու սխալ ցանկության պատճառով:

Այս ամսվա սկզբում ամերիկացի լրագրող Ջեքի Նորթամը մեկնել էր Ռուանդա, որտեղ նա արեւմտյան այն սակավաթիվ լրագրողներից էր, որոնք լուսաբանել էին Ռուանդայի ցեղասպանությունը 20 տարի առաջ: «Այդ երկիրը կարծես թե պարուրվել էր խելագարությամբ՝ մինչ այդ լավ, բանական, սիրող մարդկանց դարձնելով հրեշներ:  Դրանից հետո ինձ երկար ժամանակ պահանջվեց՝ տեսածս հասկանալու համար»:

Սակայն տիկին Նորթամի նկարագրած «խելագարությունը» արատավոր քարոզչության հետեւանք էր, որը վարում էին հուտուները տուտսիների դեմ:  Ճիշտ այնպես, ինչպես Հիտլերն էր քարոզչություն ծավալում հրեաների դեմ՝ նրանց ոչնչացնելուց առաջ:  Ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունը դարձավ հայերի դեմ Թուրքիայի պաշտպանության նախարարության քարոզչության հետեւանք՝ հայերին որպես անվտանգության ներքին սպառնալիք ներկայացնելու նպատակով:

Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանը համակարգված կերպով խոչընդոտում են նրանք, ովքեր փորձում են արդարացնել մեղավորներին եւ նվազեցնել նրանց նենգ մտադրությունները: Թուրքիայում հաշտեցման ուղիների որոնման հարցը շարունակում է գնացականորեն դիտարկվել` այդ երկրի կառավարությունը առաջվա նման ամպագորգոռ հայտարարություններ է անում, թե հարկավոր է նորովի հետազոտություններ անցկացնել` պարզելու համար, թե իրականում ինչ է պատահել 1915թ.: Դա նույնն է, եթե Գերմանիայի կառավարությունը հայտարարեր, որ նացիստների դատելուց առաջ հարկավոր է նոր, համոզիչ հետազոտություն անցկացնել 1930-ականների եւ 1940-ականների իրադարձությունների շուրջ:

Այդուհանդերձ, առաջխաղացման որոշ նախանշաններ կան, նույնիսկ եթե այդ առաջխաղացումը տեսնելու համար ստիպված ենք եղել գրեթե մեկ հարյուրամյակ սպասել: Որոշ թուրքեր կասկածի տակ են առնում իրենց կառավարության դիրքորոշումը: Ես ողջունում եմ նրանց, ովքեր իրապես ջանքեր են գործադրում հաշտեցման ուղղությամբ: Ճշմարտությունը ստի թշնամին է: Եվ մարդկության հետագա տառապանքների դեմ պայքարը նախկին տառապանքների ճանաչմամբ է սկսվում: