«Նախագահ, պատասխան» բացականչությամբ Էջմիածին քաղաքի Աթաբեկյան 1 շենքի բնակիչները հավաքվել են նախագահական նստավայրի մոտ։ Նրանք նամակ են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին՝ պատասխան ակնկալելով, թե ե՞րբ է վերանորոգվելու իրենց շենքը։ Սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չկա։ Բնակիչների խոսքերով, շենքն արդեն 20 տարի է վթարային վիճակում է եւ ամեն վայրկյան ենթակա է փլուզման։

«Շենքը քանդվում է։ Երեկ չէ առաջին օրը հարեւանի ամուսինը ավտոն սարքելիս է եղել, իմ երեխան էլ կողքին խաղալիս, շենքից 7 հատ քար է պոկվել ընկել այդ մարդկանց վրա։ Շենքում զուգարան չկա, բաղնիք չկա, 20 տարի է ջուրը լցվում է, ոչ մի ձեւի հնարավորություն չկա, որ էդ կեղտը դուրս գա շենքից»,-ասաց շենքի 41-ամյա բնակչուհի Մարիամ Սարգսյանը։ Իսկ մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ շենքի աջ եւ ձախ անկյունային քարերը մինչեւ երրորդ հարկը պոկվել են։

Աթաբեկյան 1 հասցեի բնակչուհի Դուխիկ Մովսիսյանը NEWS.am-թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս հարցը լուծելու խնդրանքով դիմել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյանների, սակայն ինչպես ինքը նշեց, «ոչ մի ղեկավար էն ռեակցիան չի տալիս, ինչ-որ անհրաժեշտա»։

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականի որոշմամբ շենքը մեզ նվիրատվություն է արել։ Պիտի կվարտիրաներ սարքեր տար մեջի բնակիչներին, սակայն մինչեւ հիմի էդ խոստումները չի կատարվել, ոչ մի բան չկա։ Մենակ տեսնում ենք, թե մեր երեխաները ոնց են շենքի քարերի տակ մնում»,-պատմեց նա։ Ի դեպ հենց նրան էլ նախագահականից կանչեցին։ Այնտեղ նրանից հարցրել էին ուղղարկված նամակի ամսաթիվը.

«Դեռ նամակի ժամկետ են հարցնում, որ պատասխանը երկարի։ Պատասխան չկա, ասում են, սպասեք մի շաբաթ էլ։ Բայց ո՞վա մի շաբաթ էլ սպասում, շենքը փլվումա։ Էս երեք տարի հարցը չի լուծվում, պիտի սպասենք, որ էդ մի շաբաթն էլ անցնի, որ նախագահի երեսը տեսնենք։ Մարդիկ մեռնեն նոր զրուցե՞ն»,-վրդովված ասաց Մովսիսյան Դուխիկը՝ հավելելով, որ «շենքը վթարային է եւ անձրեւները լրիվ նպաստում են, որ շենքը մի գիշեր նստի ու ոչ մեկը չփրկվի։ Օրերա, որ քաշումա։ Հավատացեք էդպեսա լինելու»։

«Ամեն գիշեր աստված ենք կանչում, որ գիշերը լուսացնենք»,-իր հերթին նշեց 2 երեխաների մայր Մանուկյան Լարիսան։

Շենքն ունի 70 բնակիչ, որոնցից 35-36-ը անչափահասներ են։ Նրանցից ոմանք, այդ հակասանիտարական պայմանների պատճառով արդեն աղեստամոքսային հիվանդություններ են ձեռքբերել։

Նշենք, որ Էջմիածնի Աթաբեկյան 1 շենքը նախկինում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում է եղել եւ ծառայել է որպես Էջմիածնի «Պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան, երրորդ կարգի վթարային է։ Շենքը սեփականաշնորհելու խնդրանքով 2006թ. քաղաքի իշխանությունները դիմել էին նախագահին: «Գույք նվիրաբերելու մասին» որոշմամբ Աթաբեկյան 1 հասցեի հանրակացարանի 2-րդ մասնաշենքը 2008 թ. հանձնվել է Էջմիածնի քաղաքապետարանին։ Համայնքը պետք է իր միջոցներով կատարարեր ամրացման աշխատանքերը, սակայն Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանների բաշխման հանձնաժողովը, ուսումնասիրություններից հետո պարզել է, որ այն 3-րդ կարգի վթարային է եւ հիմնովին վերականգման կարիք ունի, ինչի անհրաժեշտ է 440 մլն դրամ։ Այդքան գումար Էջմիածին քաղաքապետարանը չունի։ Բնակիչներն էլ արդեն երեք տարի է օգնություն են խնդրում նախագահից, որպեսզի քաղաքապետարանի միջոցների հետ համատեղ վերանորոգեն փլուզման եզրին կանգնած շենքը։ Սակայն դեռ ոչ մի արձագանք չկա։

«Մենք էլի ենք գալու, ամենավերջին քայլին ենք դիմելու»,-բացականչեցին բնակիչները։