Ինտերնետի որակը, որ ապահովում է «ԱրմենՏելը» հանրապետության ողջ տարածքով, ամենալավն է, կապի հասանելիության առումով մենք հանրապետության առաջատարն ենք։ Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ ինտերնետի սակագների եւ որակի մասին հարցի, նման հայտարարությամբ մայիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշելով, որ Beeline-ի մատուցած ինտերնետ ծառայություններն ամենաբարձրորակն են, նա համոզմունք հայտնեց, որ պետության ողջ տարածքով չի գտնվի մի բաժանորդ, ով կդժգոհի իրենց ծառայությունների որակից։ «Մենք բարձր ենք գնահատում նաեւ բջջային եւ ֆիքսված հեռախոսակապերի որակը»,-նկատեց Կլիմկոն՝ ավելացնելով, որ Beeline-ի բաժանորդներին նորանոր առաջարկություններ են սպասում. «Սակայն նոր ծառայությունները, այդ թվում եւ՝ 4-րդ սերնդի ցանցերը, շուկա կմտնեն աստիճանաբար»,- նշեց նա։
Վերջում Կլիմկոն հայտարարեց, որ «ԱրմենՏելը» ողջունում է շուկայում հայտնված մրցակիցների առկայությունը։ «Ամեն բան, այդ թվում եւ սակագները, ձեւավորում են շուկան»,- ավարտեց նա։




























