ՀՀ կառավարության վեբ-կայքում «Գրեք նամակ կառավարությանը» հատվածում սեղմելիս գալիս է հետեւյալ հաղորդագրությունը. «Այս կայքի միջոցով ուղարկված Էլեկտրոնային նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն և ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության»։
ՀՀ Կառավարությանը պաշտոնական նամակ կարելի է ուղարկել միայն ավանդական եղանակով, հետեւաբար, որպեսզի ձեր նամակը պաշտոնական ընթացակարգով քննության ենթարկվի, անհրաժեշտ է գրել ոչ էլեկտրոնային նամակ։
NEWS.am-Ինովացիայի թղթակցի այն հարցին, թե ինչու Կառավարությանն ուղղված էլեկտրոնային նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն արժանանում, ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ասաց, որ էլեկտրոնային տարբերակով նամակների պարագայում դրանք պաշտոնական չհամարելու հիմնական խնդիրն այն է, որ դժվար է պարզել, թե ով է նամակի իրական հասցեատերը։
«Գուցե նամակի հասցեատերը կե՞ղծ է, անանուն մեկը եւ ոչ ՀՀ քաղաքացի»,- ասաց Ղազարյանը՝ ավելացնելով, որ այժմ սկսվել են ՀՀ կառավարության վեբ-կայքում էլեկտրոնային նամակ գրելու համար համապատասխան տվյալներ լրացնելու կետեր ավելացնել, որոնք պարտադիր լրացնելուց հետո միայն հնարավոր կլինի նամակ ուղարկել Կառավարությանը, այս կերպ հնարավոր կլինի ճշտել մարդու ինքնությունը։



























