Այսօր` մայիսի 6-ին Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում:

«Այսօր մեր երկրում էներգետիկայի զարգացման խնդիրները հուսալի վիճակում են, եւ Հայաստանը բոլոր հիմքերն ունի` ոչ միայն ապահովելու մեր երկրի էներգետիկ ինքնաբավությունը, այլեւ` էլեկտրաէներգիա արտահանելու, ինչը մեր երկրի տնտեսության համար չափազանց կարեւոր նշանակություն ունի: Եվրոպական երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր այնտեղ ոլորտը երկու ուղղությամբ է զարգանում` էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրերի եւ էլեկտրաէներգիայի արտադրության խնայողության արդյունավետ ռեժիմների սահմանման միջոցով: Մենք պետք է կարողանանք միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով` մեր երկրում ներդնել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Նիստում որոշվել է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի հայեցակարգային դրույթների մշակումը եւ մինչեւ հոկտեմբեր փաստաթուղթը ներկայացնել հաստատման: