Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Ուսանողական այգու խնդրի քննարկման նպատակով, որին մասնակցել են ավագանու և քաղաքապետարանի բաժինների, հասարակական կազմակերպությունների և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ներկայացուցիչները։ Մասնակիցների կողմից ներկայացվել է եւ 3-ժամանոց քննարկման ընթացքում պաշտպանվել է այն դիրքորոշումը, որ այգին պետք է ազատվի այդ երկու շինօբյեկտներից և վերադարձվի հանրությանը։

Նախաձեռնողները շեշտել են, որ սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ: Խմբի փաստարկները լսելուց հետո քաղաքաքապետը խոստացել է արգելել ապագա կառուցապատումները և բացառել գետնափոր կառույցները Երևանի հանրային կանաչ տարածքներում։ Նա նաև ասել է, որ բոլորս ենք այս քաղաքի տերը, և ինքը պակաս մտահոգ չէ զբոսայգիների պահպանության և ընդլայնման խնդիրներով։

Քաղաքապետն առաջարկել է համագործակցել քաղաքի հրատապ խնդիրները լուծելու նպատակով։

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ներկայացուցիչները նշում են. «Թեեւ որևէ հստակ պայմանավորվածության չհասանք և այգու խնդրի հետ կապված առաջնթաց տեղի չունեցավ, կարծում ենք, որ հիմնական ուղերձը հասավ քաղաքապետին։ Նախաձեռնության ներկայացուցիչները վերահաստատեցին, որ Ուսանողական այգու ճակատագիրը սկզբունքային նշանակություն ունի, և բոլոր հնարավոր միջոցներով շարունակելու են պայքարը Ուսանողական այգու համար»։

Հիշեցնենք, որ այդ այգում Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ նոր շինություններ են կառուցվում, որը շրջապատում է արձանը: