Այսօր` մայիսի 6-ին ԵՊՀ շենքի մոտից 200-ից ավելի ուսանողներ «ուսման իրավունք», «վերականգնում» բացականչելով սկսեցին իրենց երթը դեպի Կառավարության շենք։ Նրանք պահանջում են վերականգել Կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ, բուհերի մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում բանակից տարկետման կիսով չափ կրճատված տեղերը։ Երթի մասնակիցներն, անցնելով Ալեք Մանուկյան եւ Նալբանդյան փողոցներով, հասան Կառավարության շենք։ Այստեղ նրանց ընդհառաջ եկավ Կառավարության նամակների եւ բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որին էլ երիտասարդները փոխանցեցին իրենց նամակը։ Նա ասաց, որ թեեւ Կառավարություն ներկայացված առաջարկություններն ու դիմումները սովորաբար մեկ ամսվա ընթացքում են քննարկվում, սակայն այս առաջարկության վերաբերյալ հնարավոր կլինի ավելի շուտ պարզաբանումներ ստանալ։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց երթի կազմակերպիչ Դանիել Իոաննիսյանը, իրենք չեն պատրաստվում մեկ ամիս սպասել եւ մինչ պատասխանն այլ քայլեր էլ կձեռնարկեն։ Ուսանողները ակնկալում էին կառավարության ներկայացուցիչներից որւեէ մեկի հետ նաեւ բանավոր զրույց ունենալ, սակայն այդպես էլ ոչ մեկը չիջավ եւ ուսանողները որոշ ժամանակ սպասելուց հետո ցրվեցին։
Նկատենք, որ ի տարբերություն նախորդ երթի, այս անգամ այն անհամեմատ բազմամարդ էր: Իոաննիսյանի խոսքով, դրա պատճառը նախ այն է, որ այս անգամ ԵՊՀ ղեկավարությունը չի խոչընդոտել ուսանողներին եւ հետո՝ եղանակային պայմաններն ավելի լավ էին։ Սակայն սպառնալիք իշխանության ներկայացուցչի կողմից այնուամենայնիվ եղել է։
«Առավոտյան ինձ զանգահարեց Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եւ պահանջեց համալսարանի առջեւ ելույթներ չունենալ, եւ որ մեզ թույլատրվել է միայն երթ անցկացնել։ Եւ ասաց, որ հակառակ պարագայում մեր նկատմամբ ուժ կկիրառվի։ Որպեսզի չգնանք ոստիկանության հետ ընդհարման, մենք մասնակիորեն կզիջենք եւ ելույթները սակավ կլինեն»,- ասաց Դանիելը՝ հավելելով, որ զիջումների գնում են ուսանողների անվտանգությունը ապահովելու համար։
Երթի ողջ ընթացքում ուսանողներին հետեւում էին մի խումբ ոստիկաններ: Երթին մասնակցում էին ԵՊՀ , ԵՊՃՀ, Տնտեսագիտական համալսարանի, Երեանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի, Կոնսերվատորիայի, Սլավոնական համալսարանի ուսանողները։ Հատկանշական է, որ երթին մասնակցում էին նաեւ բազմաթիվ աղջիկ ուսանողներ, որոնք, բնականաբար, բանակի խնդիր չունեն:




























