«Ես չեմ հասկանում, կառավարությունը բուհերում մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տարկետման իրավունքով տեղերը կրճատելով ի՞նչ է ուզում անել։ Շատ կուզենայի իմանալ։ Ես ոչ մի արդարացում չեմ գտնում այդ որոշմանը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր՝ մայիսի 6-ին, ուսանողական երթի ժամանակ ասաց ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Հովսեփ Ղազարյանը։ Իսկ մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ իշխանություններն այս քայլով «ուզում են բթացնել ժողովրդին»։

Կառավարության այս որոշումն ազդելու է նրա վրա։ Տեղերի կրճատման պատճառով Դավիթը հնարավոր է չընդունվի մագիստրատուրա եւ ստիպված լինի բանակ գնալ։

ԵՊՃՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Առաքելյանն էլ սա յուրատեսակ գործարք անվանեց Պաշտպանության եւ Կրթության նախարարությունների միջեւ։

«Բանակից հետո ավելի դժվար կլինի սովորելը եւ փաստորեն տեղերն էլ ավելի քիչ են, մենք մասնագետների կորոստ կունենաք»,- ասաց նա։

Երթի իգական սեռի մասնակից, ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Ելենան էլ ասաց, որ ասպիրանտուրայում սովորելու արժանի շատ թեկնածուներ կտուժեն կառավարության այս որոշումից։

«Կոնկրետ ես սովորում եմ ֆիզիկայի ֆակուլտետում եւ կարծում եմ՝ մեր ֆակուլտետի տղաների մեծը մասը արժանի է, որպեսզի շարունակի ուսումը ասպիրանտուրայում։ Շատ անարդար որոշում է։ Ես դրա իմաստը չեմ հասկանում։ Այդ 400 հոգին բանակում ի՞նչ պետք է անեն, եթե կարող են ծառայել իրենց երկրին նաեւ գիտությամբ զբաղվելով»։

«Կարծում ենք, որ կրճատումից հետո այն մարդիկ, ովքեր խնամի, ծանոթ, բարեկամի միջոցով անցնում էին մագիստրատուրա, հիմա եւս կանցնեն, բայց փոխարենը չեն անցի այն արժանավորները, որոնք վաղը, մյուս օրը պետք է իրենց ասելիքն ասեն հայրենական եւ միջազգային գիտության ասպարեզում» ,-նշեց երթի կազմակերպիչ, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Իոաննիսյանը։

Նշենք, որ այսօր ԵՊՀ-ի առջեւից մի խումբ ուսանողներ երթ սկսեցին դեպի Կառավարության շենք։ Նրանք Կառավարությունից պահանջում են վերականգել ապրիլի 22-ի որոշմամբ բուհերի մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում բանակից տարկետման կիսով չափ կրճատված տեղերը։