Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։ Դրանով նախատեսվում է հիշյալ խմբերի անձանց դրամական օգնության չափի ավելացում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխման նախագծերի փաթեթը, կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել այդ համատեքստում։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը, Հաղթանակի 65-րդ տարելիցի նախաշեմին, այսօրվա նիստում հաստատել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը:

Ըստ այդմ, 3500 վետերաններին մոտավոր հաշվարկներով նախատեսված է փոխհատուցել մոտ 900 միլիոն դրամ: Ըստ նախատեսված կարգի՝ 1000 ռուբլու դիմաց փոխհատուցում են 84 հազար դրամ: Սակայն ըստ աստիճանական կարգի՝ փոխհատուցվող 84 հազար դրամը նվազում է: