"Չեմ կարող նշել, թե Կառավարության որոշումը՝ 31650.0 հազար դրամ հատկացնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում աշխատանքեր սկսելուն, որքանով կլուծի խնդիրը, քանի որ դրա համար լուրջ տնտեսագիտական հաշվարկներ են պետք, սակայն գտնում եմ, որ հարցը պետք է լուծվի սկզբունքորեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մայիսի 6-ին ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։
«Կառավարության նախատեսած քայլերն այն աշխատանքերն են, որոնք անհապաղ պետք է արվեն։ Դա առաջին փուլն է։ Ցանկապատը պետք է լինի, ջրահեռացման աշխատանքները պետք է լինեն, այդ բոլորն անպայման պետք է արվի եւ ակնհայտորեն դա շատ ճիշտ է։ Բայց դա ժամանակավոր լուծում է»,-նշեց բնապահպանը՝ հավելելով, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը այնպիսի օբյեկտ է, որը լուրջ վերահսկողության պահանջ ունի։ «Այդ խնդիրը հենց այսօր պետք է լուծվի»,-ասաց նա։ Կարինե Դանիելյանը նաեւ նշեց, որ Կառավարության այս որոշումից հետո թունաքիմիկատների գերեզմանոցի վտանգավորությունը հարակից տարածքների բնակիչներ համար հնարավոր է, որ նվազի, սակայն միայն ժամանակավորապես։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է ընդունել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հատկացնել 31650.0 հազար դրամ։



























