Հանրահայտ փաստ է, որ հետխորհրդային առաջին տարիներին Սեւանի «համեստ» սիգը տառացիորեն բնակչության ոչ այնքան ապահովված խավերին թույլ տվեց գոյատեւել:
Սակայն, ըստ մասնագետների, սիգին մահացու հարվածը հասցվեց ոչ թե մութ ու ցուրտ տարիներին, այլ 90-ականների վերջին եւ նոր դարի սկզբներին: Այսինքն այն ժամանակ, երբ կարելի էր սահմանափակել ձկնորսությունը՝ սիգի սերնդի վերարտադրման նպատակով:
Սակայն քարանձավային մերկանտիլիզմը մթագնեց առողջ դատողությունը, եւ սիգի քանակը կտրուկ նվազեց՝ 2011թ. կազմելով խորհրդանշական 8,5 տոննա:
Իրավիճակը կարելի էր շտկել Ռուսաստանից սիգի խավիար գնելով, սակայն այս գաղափարը «բարեհաջող» ձախողվեց:
Սիգի արդյունաբերական նշանակության կորստից հետո Սեւանի որսագողերը դադարեցրին իրենց «արգասաբեր» գործունեությունը, նրանց մի մասը քոչեց դրա համար առավել հեռանկարային Ռուսաստան:
Ինչ-որ պահի սիգի հետ կապված իրավիճակում լույսի շող առկայծեց: Նախորդ տարի բոլորի համար անսպասելի՝ լճում սիգի գոյապաշարն անսպասելի աճեց 300 տոննայի:
Սակայն հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը հումորով նշեց, որ առաջինն այդ ուրախալի փաստին արձագանքեցին նույն ձկնագողերը, որոնք զբաղվում էին սիգի ապօրինի որսով: Այժմ այդ ձուկը ազատ վաճառվում է մայրաքաղաքի տարբեր անկյուններում` աստղաբաշխական գներով: Սա, կարելի է ասել, բնական երեւույթ է: Սակայն մասնագետին զամացրել է ծխահարված սիգի վաճառքի փաստը առեւտրի օրինական հաստատություններում` «Երեւան Սիթի» սուպերմարկետներում:
Պետությունն այժմ ուշադրություն է դարձնում Սեւանում իշխանի բազմացմանը` մտադրվելով մինչեւ 2023թ. արտադրությունը հասցնել 50 հազար տոննայի: Բնապահպաններն արդեն բողոքում են այս նախագծի դեմ, պնդելով, որ արհեստական կերի լայն օգտագործումը կդառնա Սեւանի ջրի աղտոտման պատճառ:
Ըստ Գաբրիելյանի` իշխանը եւ «բերված» սիգը` որպես տեսակներ, չեն մրցակցում: Ժամանակին ժողովրդի մեջ լեգենդ էր տարածվել՝ իբր սիգը ոչնչացնում է իշխանի ձկնկիթը կամ էլ մանր իշխաններին: Իրականում դրանք անհիմն լուրեր են:
Ներկայումս մասնագետները սպասում են աշնանը, երբ հնարավոր կլինի գնահատել սիգի քանակը լճում: Դրա ընդունելի ծավալների դեպքում հնարավոր է նորից բարձրացնել Ռուսաստանից սիգայի ձկնկիթ ներկրելու հարցը` դրա բազմացումը վերականգնելու համար: Սակայն Բորիս Գաբրիելյանն ընդգծեց, որ ձկնագողերը լուրջ սպառալիքի տակ են դնում այդ նախագծերի իրականացումը:
Ըստ նրա` շատ սխալ կլիներ սիգի հարցը կապել շուկայում որեւէ սննդի դեֆիցիտի հետ: Խնդիրն ավելի բարդ է: Սեւանի սիգը հիմնական սննդամթերքի լայն արտադրության բացառիկ հնարավորություն է տալիս: Ընդ որում` առանց մարդու մասնակցության: Ի տարբերություն անասնաբուծության եւ ձկնաբուծության՝ սիգի արտադրությունը բացարձակապես ոչ մի ֆինանսական ծախս չի պահանջում:
Ներկայիս անկանխատեսելի աշխարհում մենք չպետք է արհամարհենք աշխարհաքաղաքական վատագույն սցենարները մեր երկրի համար: Այդ կապակցությամբ նշենք, որ Հայաստանի արտաքին տրանսպորտային ուղիների նույնիսկ ամբողջական շրջափակումը Սեւանի սիգի վերարտադրողականության վրա չի ազդի: Պահանջվում է միայն ողջամիտ սահմանափակում այդ ձկան որսի համար: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ «հասարակ» սիգը մեր երկրի պարենային անվտանգության համար ունի ռազմավարական կարեւոր նշանակություն:
Սմբատ Գրիգորյան



























