90-ականներին բազմաթիվ նորաթուխ բանկերի կրախից հետո մեր քաղաքացիները կորցրել էին վստահությունը այդ ֆինանսական կառույցների նկատմամբ: Մինչ այդ բանկերի հեղինակությունն ընկել էր ներդրողների կողմից «խորհրդային» խնայողությունների կորստի պատճառով: Սակայն դրանից հետո շատ բան է փոխվել, եւ իրավիճակը մի փոքր կայունացել է:
Բանկերի ֆինանսական վիճակը բնութագրում է ավանդների եւ վարկերի հարաբերակցությունը (LTD - loan-to-deposit ratio): Մեր առեւտրային բանկերում այդ հարաբերակցությունը կազմում է 115%: Շատ փորձագետներ LTD-ի բարձր սահմանը համարում են 120%-ը: Իսկ եթե այս ցուցանիշն ավելի բարձր է, ապա բանկի բիզնեսն այնքան էլ կայուն չէ:
Ապրիլի վերջի դրությամբ հանրապետության առեւտրային բանկերում բնակչության ավանդների ծավալն աճել է տարեկան հաշվարկով 135,8 միլիարդ դրամով (կամ 19,7%)` կազմելով 826,3 միլիարդ դրամ:
Մեկ տարվա ընթացքում բնակչության դրամային ավանդներն աճել են 54,0 միլիարդ դրամի չափով (կամ 25,4%), իսկ արտարժույթով` 81,8 միլիարդ դրամի չափով (17,3%): Չնայած տոկոսադրույքի կրճատմանը, արտարժույթով ավանդները պահպանում են իրենց գերիշխող դիրքը` 67,7% ընդհանուր ցուցանիշով:
Օրինակ, առեւտրային բանկերից մեկում ավանդների տարեկան տոկոսադրույքը դրամի դեպքում 12% է, իսկ արտարժույթի դեպքում ցածր է` 7,5%: Նույն հարաբերակցությունն է նաեւ մյուս բանկերում:
Պաշտոնական հաշվետվություններում գործածվում է «բնակչության ավանդներ» եզրույթը: Ըստ հաշվարկների` միջինը 1 ընտանիքի հաշվին բաժին է ընկնում 1,1 միլիոն դրամ ավանդ: Սակայն երկրում զանգվածային աղքատության պայմաններում իրեն խնայողություններ կարող է թույլ տալ միայն մեր հասարակության ապահովված խավը: Եթե ավանդատուների քանակը կրճատենք 10%, ապա միջինը 1 ընտանիքին բաժին է հանսում 26,5 հազար դոլարին համարժեք գումար:
Հասկանալի է, որ այս էլիտար խմբում էլ կա տարբերություն: Հաշվի առնենք նաեւ, որ առավել ապահովված քաղաքացիները իրենց կապիտալները հաճախ պահում են արտասահմանյան բանկերում: Հայրենական տնտեսության տեսանկյունից այս փաստը բացասական է:
Սմբատ Գրիգորյան




























