«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն այսօր՝ հունիսի 10-ին, ներկայացրել է ՀՀ մանրածախ առեւտրի, մասնավորապես արագ սպառման ապրանքների առեւտրի ոլորտի երկրորդ համապարփակ ուսումնասիրության արդյունքները:
Հետազոտության արդյունքները ներկայացրել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունների ավագ հետազոտող Արտաշես Շաբոյանը:
Ուսումնասիրության արդյունքները միտված են հնարավորություն ընձեռել բոլոր շահագրգիռ անձանց գնահատել շուկայի միտումները, տվյալ ոլորտի առաջարկի եւ պահանջարկի առանձնահատկությունները, շուկայի հիմնական մասնակիցներին, նրանց ուժեղ ու թույլ կողմերը, շուկայում առկա հնարավորությունները:
Զեկույցի առաջին մասում անդրադարձ է կատարվել ընդհանուր մակրոտնտեսական վիճակին: ՀՀ տնտեսությունում առեւտրի մասնաբաժինը 13.1 % է եւ վերջին 10 տարիներին այն ֆինանսների հետ միասին մշտապես աճ է գրանցում: Ինչ վերաբերում է ժողովրդագրական ցուցանիշներին, ապա վերջին 4 տարիներին երկրի բնակչության թվաքանակն ամեն տարի պակասել է մոտ 25 հազարով:
Արտաշես Շաբոյանը նշել է, որ առեւտրի ոլորտի 62 %-ը մանրածախ առեւտուրն է, որտեղ վերջին 4 տարիներին աճի տեմպերի անկում է գրանցվում: Եթե մինչեւ ճգնաժամն աճը դոլարով արտահայտված (ինֆլյացիան հաշվի առնելով՝ 7.6%) մոտ 24 % էր, ապա վերջին տարիներին՝ 4,9%, իսկ ինֆլյացիան հաշվի առնելով կազմում է 1.4 %: Ընդհանուր առմամբ, բնակչության արագ սպառման ապրանքների ծախսերի կրճատումը բացատրվում է ընդհանուր եկամուտների չաճելու պարագայում այլ ծախսերի առաջնահերթությամբ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի թանկացմանը:
Ուսումնասիրության շնորհիվ պարզվել է, որ Երեւանում 1 տնային տնտեսությունն արագ սպառման ապրանքների վրա ամսական ծախսում է 144 հազար դրամ: 2012 թ. համեմատ անկումը կազմում է 4 %: Պարզվել է նաեւ, որ բարձր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները չեն կրճատել ԱՍԱ ծախսերը, իսկ համեմատաբար ցածր եկամուտ ունեցողները ստիպված են եղել կրճատումներ անել:
Երեւանում, Շաբոյանի խոսքով, 2012 թ. հետ համեմատած սուպերմարկերտների թվի անկում է արձանագրվել, ինչը կապված է երբեմնի առաջատար Սթարի փակման հետ: Առեւտրի աճ է գրանցվել փոքր եւ մեծ խանութներում: Եթե 2 տարի առաջ սուպերմարկետներին բաժին էր ընկնում ընդհանուր առեւտրի 52 %-ը, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 47 %-ի: «Ամերիայի» ներկայացուցչի խոսքով, մարդիկ ավելի շատ են սկսել փոքր խանութներ հաճախել:
Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ սուպերմարկետի ընտրության հարցում 3 գլխավոր գործոններ են՝ տեսականու առկայությունը, սպասարկման որակը եւ գների մակարդակը: Ի դեպ, 2 տարի առաջ գործոններից 3-րդ տեղում հարմար վայրում գտնվելն էր, ոչ թե գների մակարդակը: Ի դեպ, այն մարդիկ, որոնց եկամուտն ավելի բարձր է, ավելի շատ ուշադրություն են դարձնում ապրանքանիշին:
Համաձայն հետազոտության՝ կանայք ավելի ակտիվ գնորդներ են, քան տղամարդիկ: Գնորդների կառուցվածքում կանանց կշիռն ավելի քան 2 անգամ գերազանցում է տղամարդկանց: Առավել ակտիվ խումբը գնորդների կառուցվածքում 46-55 տարեկան կանայք են՝ ընդհանուրի 15 %-ը:
Սուպերմարկետների մրցակցությունում եթե 2 տարի առաջ առաջատարը Սթարն էր, որտեղ այլցելում էին սուպերմարկետ հաճախողների 1/3-ը, ապա այս տարի շուկայի առաջատարը Երեւան Սիթին է:
Այս շուկայում գլոբալ զարգացման միջին եւ երկարատեւ ժամանակահատվածի միտումները (այդ թվում նաեւ համադրելի երկրներում) վկայում են, որ սուպերմարկետների եւ հիպերմարկետների զարգացումն ավելի մեծ պոտենցիալ ունի: Ուստի, այս շուկայում սպասվում է մրցակցության սրացում, հատկապես հաշվի առնելով «Քարֆուր»-ի սպասվելիք մուտքը շուկա: Առավել հավանական է, որ «Քարֆուր»-ի մուտքը հատկապես կսրի մրցակցային իրավիճակը տեսականու եւ սպասարկման որակի առաջատար սուպերմարկետների համար: Հետազոտողները եզրակացնում են, որ «Քարֆուր»-ի մի քանի խանութի առկայության դեպքում կթեժանա մրցակցությունը նաեւ գին-որակ համադրությամբ առաջատար սուպերմարկետների եւ մթերային ու փոքր խանութների համար:




























