Հայաստանի բնակիչների շրջանում տարածված ուտեստ համարվող «խաշի» համար անհրաժեշտ տավարի ոտքերի թանկացումը տեղի էր ունենում մսի էժանացման ֆոնի վրա: Ամեն դեպքում այդ մասին են վկայում պաշտոնական տվյալները:

Ընթացիկ տարվա մայիսին մայրաքաղաքում տավարի մսի միջին արժեքը մեկ կգ դիմաց նվազել է 238 դրամով, կամ 9.1 տոկոսով, ոչխարի մսի դեպքում՝ 132.8 դրամով(3.8 տոկոս): Իհարկե, խոզի միսը թանկացել է 23.3 դրամով(0.7 տոկոսով):

Այստեղից կարող ենք ենթադրել, որ բնակչության շրջանում գնորդական հնարավորությունները վատթարացել են: Տավարի միսը քիչ հասանելի է դարձել, վաճառողները ստիպված են էժանացնել այն: Այս ֆոնի վրա ավելացել են ապահովված ընտանիքների ծախսերը, որոնք կարող են իրենց նման «շքեղություն» թույլ տալ, ինչպես որ խաշն է:

Բարձրացել է նաեւ կաթնամթերքի որոշ տեսակների գինը: Մասնավորապես, Երեւանում «Չանախ» պանիրի գինն աճել է 8.4 տոկոսով, «Լոռին»՝ 5.7 տոկոսով, ներկրվող «Չեդեր» պանիրը՝ 18.9 տոկոսով: Գրեթե 2.8 անգամ թանկացել է կարտոֆիլը:

Ընդհանուր առմամբ Հայաստանում մայիսին գնաճը կազմել է 3.6 տոկոս տարվա կտրվածքով: Ռուսաստանում իրավիճակն ավելի սուր է. տարվա կտրվածքով սպառողական գները բարձրացել են 7.6 տոկոսով: Էներգակիրների գները չեն փոփոխվել:

Եթե մեզ մոտ սպառնալիքն արտահայտվում է գնաճով, ապա Եվրոպայիում՝ գնանկմամբ: Այդ պատճառով Եվրոպական կենտրոնական բանկը վերջերս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25-ից իջեցրել է 0.15 տոկոսի: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 8.25 տոկոս, հիմնական դրույքը՝ 7.50 տոկոս:

Սակայն կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի կենտրոնական բանկի բարձր դրույքներն էապես չեն ազդում գնաճի վրա: Ռուս փորձագետների տեղեկությունների համաձայն՝ տարվա ընթացքում ռուսաստանցիների ծախսերը կրճատվել են 1.5 տոկոսով: Նույն պատկերն է, ինչը որ մեզ մոտ է առկա:

Մեզ մոտ վերաֆինանսավորման դրույքը կազմում է 7.75 տոկոս: Հայաստանի Կենտրոնական բանկը պնդում է, որ այն օգնում է դանդաղեցնել գնաճի տեմպերը: Սակայն կարող ենք այլ ենթադրություն կատարել՝ «ազատ» գներն առանց այն էլ շատ բարձր են: Այլ հարց է կարեւոր հասարակական ծառայությունների սակագինը, որոնք կարող են բարձրացնել: