Հիլարի Քլինթոնի օրերս լույս տեսած «Դժվար որոշումներ» գիրքը տպավորություն է ստեղծում, թե հայ-թուրքական արձանագրությունների ճարտարապետն ինքը` հեղինակն է եղել, գրում է «Ասպարեզը»:

ԱՄՆ նախկին առաջին տիկինը եւ նախկին պետքարտուղարը պնդում է, որ Թուրքիայի «զրո խնդիր` հարեւանների հետ» քաղաքականությունը պատուհան էր դարձել, որի միջով Միացյալ Նահանգների իշխանությունները կարող էին հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը հասնել` երկու պետությունների միջեւ սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարով: Հեղինակը խոսքով, «երկու երկրներում առավել կոշտ քաղաքականության կողմնակիցները անողոքաբար դեմ էին արտահայտվում փոխզիջումներին եւ զգալի ճնշումներ գործադրում սեփական իշխանությունների նկատմամբ` գործարքից հետու պահելու համար»: Չհաջողված նախագահական քարոզարշավի ընթացքում բազմիցս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին արտահայտված տիկին Քլինթոնն այժմ արդեն հարցին որպես Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ «զգացմունքային հակամարտություն» է անդրադարձել:

Հեղինակը 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների իր տարբերակն է ներկայացնում: «Հոկտեմբերի 9-ին Ցյուրիխ մեկնեցի` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ Գերագույն ներկայացուցչի հետ միասին համաձայնագրերի ստորագրմանը ներկա գտնվելու համար: Հաջորդ օրը դուրս եկա հյուրանոցից եւ ուղղությունս դեպի Ցյուրիխի համալսարան վերցրեցի, որտեղ պետք է արարողությունը տեղի ունենար: Պարզվեց` խնդիր է ծագել: Նալբանդյանը` Հայաստանի նախարարը, խուսանավում էր, քանի որ անհանգստություն ուներ, թե ինչ հայտարարությամբ կարող է հանդես գալ Դավութօղլուն` ստորագրության ժամանակ: Նախարարը հրաժարվում էր դուրս գալ հյուրանոցից: Թվում էր` երկար ամիսներ ձգված բանակցությունները տապալման եզրին են:   Հրահանգեցի հետ շրջել շարասյունը եւ «Dolder Grand Hotel» հյուրանոցի ուղղությամբ շարժվել: Այնուհետեւ սպասեցի մեքենայի մեջ, մինչ Ֆիլ Գորդոնը շվեյցարացի առաջնակարգ բանակցային մասնագետի հետ կգտներ Նալբանդյանին եւ կհամոզեր, որ բաց չթողնի ստորագրման արարողությունը: Բայց ապարդյուն. Նալբանդյանը տեղից անգամ չշարժվեց: Ֆիլը ցած իջավ եւ հյուրանոցի ետնաբակում կայանված մեքենայի մեջ նստելով` ամեն ինչ պատմեց ինձ: Սկսեցի այս ու այնտեղ զանգել: Հեռախոսի մի գծով Նալբանդյանի հետ էի խոսում, մյուսով` Դավութօղլուի: Մոտ մեկ ժամ քննարկում էինք, փորձում տարաձայնութունները հարթել եւ համոզել Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից: Ասում էի. «Դա շատ կարեւոր է, մարդիկ պետք է տեսնեն դա, արդեն շատ հեռու ենք գնացել», պատմել է Քլինթոնը:

Նա հավելում է. «Վերջիվերջո ես բարձրացա վերեւ Նալբանդյանի հետ անձնապես խոսելու նպատակով: Ի՞նչ կպատահի, եթե մենք պարզապես չեղյալ հայտարարենք միջոցառումներում ելույթները: Ստորագրեք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն մի արեք եւ հեռացեք: Երկու կողմերը համաձայնվեցին, եւ Նալբանդյանը վերջապես հայտնվեց: Մենք իջանք ներքեւ, նա նստեց իմ սեդանը, որպեսզի գնա համալսարան: աջակցության հավաստիացումների եւ ձեռքսեղմումների եւս կես ժամ անցավ, մինչեւ նրանց ստիպեցին բեմ դուրս գալ: Մենք ուշացանք երեք ժամ, բայց ամեն դեպքում մենք այնտեղ էինք: Մենք ստոարգրման արարողությունը արագացրինք, իսկ այնուհետեւ թեթեւության խորը զգացումով բոլորը հնարավորինս արագ դուրս եկան:

Այսօրվա դրությամբ ոչ մի երկիր չի վավերացրել արձանագրություններից եւ ոչ  մեկը, եւ գործընթացը կանգ է առել: Սակայն 2013թ. դեկտեմբերին կայացած համաժողովի ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելու՝ ինչպես առաջ գնալ, եւ ես դեռ հույս ունեմ՝ ինչպես բեկում մտցնել», - նշում է Քլինթոնը իր գրքում:

Այդուհանդերձ, նա հստակ հայտարարում է, որ  Կովկասում արձանագրությունների եւ այլ նախաձեռնությունների նպատակը պարտադիր խաղաղության հաստատումը չէր, այլ ավելի շատ ԱՄՆ-ի շահերի առաջխաղացումը: «Կովկասում հակամարտությունը  եվրոպական շուկաներ խողովակների միջոցով միջինասիական բնական գազի մատակարարման մեր պլանների համար խնդիրներ է ստեղծում, որի նպատակը ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցումն է», - գրում է Հիլարի Քլինթոնը: