ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստը կայանալու է հուլիսի 16-17-ին Ալմա-Աթայում, հինգշաբթի հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկաայցուցիչ Անդրեյ Նեստերենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նկատել է, որ հունիսի 3-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն: Նա ընդունվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից, բանակցություններ վարել նրա տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի եւ Ալեքսեյ Բորոդավկինի հետ:
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են օրակարգի արդիական հարցերը, ներառյալ արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստը, որը նախանշված է հուլիսի 16-17-ին Ալմա-Աթայում, նաեւ «Կորֆուի գործընթացի» շրջանակներում համաեվրոպական անվտանգության առանցքային հարցերի շուրջ քննարկումների հետագա հեռանկարները»,- ասել է Նեստերենկոն Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում:



























