Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման հնարավորությանը վերաբերող  հայտարարությունը պայմանավորված է փաստով, որ Մոսկվան ցանկանում է ցույց տալ, թե տարածաշրջանում հիմանական խաղացող է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի ձգտումը՝ ընդգծել իր դերը Հարավային Կովկասում, պայմանավորված է Թուրքիայի ակտիվացմամբ։ «Ռուսաստանը երբեք չի համաձայնի ինչ-որ երրորդ երկրի հետ կիսել տարածաշրջանում ունեցած իր գերիշխող դիրքը, մանավանդ՝ ղարաբաղյան հարցում»,- նկատեց Ալավերդյանը։

Տրամաբանորեն հակառակ կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը, որի կարծիքով՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայտարարությունը կարելի է դիտարկել Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։ «Ընդհանրապես, վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի մասով դժվարբացատրելի է եղել, բազմաթիվ հարցեր են ծագել, որոնք այդպես էլ չեն ստացել իրենց պատասխանները»,- նկատեց փորձագետը։ Նրա կարծիքով, ապացույցը, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ղարաբաղյան հարցը քննարկում են երկկողմ հարաբերությունների հարթությունում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան ուղերձն է ՆԱՏՕ-ին՝ ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը։ «Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն արեց այդ հայտարարությունը՝ կանխատեսած լինելով Անկարայի եւ Մոսկվայի պլանները»,- նկատեց փորձագետը։

Նշենք, որ Գրիզլովը օրերս Երեւանում հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։