Գրեթե ցանկացած հոբբի որոշակի ծախսեր է պահանջում: Ակվարիում պահելը եւս բացառություն չէ: Հայտնի է, որ ակվարիումը դրական է ազդում մարդկանց տրամադրության վրա, վերացնում լարվածությունը, օգնում անքնության ժամանակ: Հոգեբանները խորհուրդ են տալիս աշխույժ, աղմկոտ կամ անհանգիստ երեխայի սենյակում ձկներով ակվարիում դնել:
Ակվարիումը կարելի է գնել կենդանական խանութում կամ էլ (երեւանցիների համար) Զեյթունի թռչնի շուկայում: Չի բացառվում նաեւ ընկերներից կամ հարազատներից նվեր ստանալը: Սակայն այս դեպքում էլ ընտանեկան բյուջեում հավելյալ ծախսեր են ավելանում:
Ակվարիումների մասնագետն իր դիտարկումներն է արել: Ըստ նրա՝ իր խանութի այցելուների ճնշող մեծամասնությունը դիտում են ցուցադրված ակվարիումները եւ առանց ոչինչ գնելու՝ հեռանում: Պատճառը տրամաբանական է՝ փող չկա: «Ժողովուրդը սննդի միջոց չունի, էլ ինչ ակվարիումի մասին է խոսքը» - նշել է կենդանական խանութի տերը:
Իսկ ապահովված քաղաքացինե՞րը: Պարզվում է, որ այս խումբը ակվարիումներով չի էլ հետաքրքրվում: Լինում է, որ ինչ-որ մեկը թանկ ակվարիում է պատվիրում՝ հարեւանների նախանձը շարժելու համար:
Աղմկահարույց եզրահանգում. ովքեր ցանկանում են ձեռք բերել ակվարիում, գումար չունեն: Իսկ նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ ոչ մեծ լճակի մեծությամբ եզակի ակվարիում ձեռք բերել, նրանց նկատմամբ հետաքրքրություն չունեն:
Ֆաունայի նկատմամբ սերը քաղաքացիների այս խմբում արտացոլվում է տնային կենդանիներ պահելով: Ավելի որոշակի՝ շան, սակայն պարտադիր՝ ազնվացեղ, որպեսի հնարավոր լինի ցուցադրել ֆինանսական հնարավորությունները. անձնական վարկանիշը էլիտար ցեղական շան ձեռքբերման շնորհից հասարակությունում բարձրանում է:
Վերոնշյալ մայրաքաղաքային «թռչնաշուկայում» վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Ձկների ընտրությունը կարծես թե բավարար է, իսկ ակվարիումային բույսերինը՝ բավականին սուղ: Ընդ որում, հաճախորդներին առաջարկում են ծոպավոր տերեւներով բույսեր, (չարորակ ջրիմուռների նախանշան) որոնց «սեւ մորուք» են անվանում: Այդպես են կոչել ծովահեն Էդվարդ Տիչի անունով նրա փառահեղ մորուքի պատվին: Եւ ջրիմուռներն էլ իրենց ծովահենի պես են պահում՝ վերացնելով բուսականությունը անփորձ գնորդի ակվարիումի մեջ:
Ժամանակին ակվարիումները, ինչպես նաեւ այլ նախասիրություններ տարածված են եղել մեր հասարակությունում: Սակայն այս ամենը մնացել է անցյալում: Մեր քաղաքացիների մեծ մասի կյանքը դժվար է. նրանք ստիպված են մտածել գոյատեւման, ոչ թե նախասիրությունների մասին: Ուստի կենդանաբանական խանութի սեփականատերը արդեն լրջորեն մտածում է ավելի մեծ պահանջարկ վայելող ապրանքների առեւտրին անցնելու մասին:





























