Մերձավորարեւելյան տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Այստեղ տեղի ունեցող գործընթացները մտնում են հերթական վտանգավոր շրջափուլ, որտեղ միախառնված են ավելացող իսլամական ծայրահեղական միտումներն ու, որպես հետևանք, տարածաշրջանային երկրներում՝ մասնավորապես Սիրիայում և Իրաքում շարունակվող ռազմական գործողություններն ու լայն թափ ստացող էթնո-դավանաբանական հակասությունները:

Երեք տարուց ավել ընթացող սիրիական հակամարտությունն անհետևանք չթողեց տարածաշրջանը, և դուրս գալով Սիրիայի սահմաններից, իր ազդեցությունն է ունենում հարևան երկրներում, հատկապես Իրաքում ընթացող գործընթացների վրա: Իրաքն աստիճանաբար ներքաշվում է ներքին էթնո-դավանական հակասությունների և հակամարտությունների հորձանուտի մեջ, որից դուսր գալը բավական խնդրահարույց կլինի ներկայիս իրաքյան իշխանությունների համար:

Ինչեւէ՝ կարծես ականատեսն ենք լինում աստիճանաբար թեժացող իրաքյան իրողությանը, որն էլ իր հերթին միտում ունի ընդլայնվելու և իր ուղեծրի մեջ ներքաշելու տարածաշրջանային և այլ երկրներ:

Ներկայում Իրաքում ստեղծված ճգնաժամի պատճառներից մեկը վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ձախողած քաղաքականությունն էր հատկապես իրաքյան սուննիաբնակ շրջաններում: Հայացք գցելով Իրաքում 2013թ-ի վերջում սուննիներով բնակեցված արևմտյան շրջաններում տեղ գտած զարգացումներին` հստակ ուրվագծվեցինսուննիների դժգոհությունները շիական վարչախմբից: Սակայն, դրանց զուգահեռ նկատվեց նաև դժգոհություններ և անվստահություն իսլամական ծայրահեղ արմատական միտումների հանդեպ: Վերջինիս շահարկումն ու որպես խաղաքարտ օգտագործելը Նուրի ալ-Մալիքիի վարչակարգի կողմից կարող էր ապահովել որոշակի հաջողություններ և սուննիների շրջանում որոշակի համակրանք, ինչը տեղի չունեցավ: Ընդհակառակը՝ շիական իշխանությունների վարած անհեռատես քաղաքականությունը, նրանց կողմից 2013թ-ի վերջից Իրաքի արեւմտյան շրջաններում տեղի ունեցող ցույցերը բռնի ուժով ճնշելը, այդ ճնշումներին և հալածանքներին  դավանաբանական հակասությունների բնույթ հաղորդելն էլ ավելի լարեցին սուննիներին ընդդեմ ալ-Մալիքիի: Այն փայլուն հնարավորությունը, որն ընձեռվել էր շիական իշխանությունների համար, հօդս ցնդեց, և սուննիներով բնակեցված տարածքներում տիրող իրավիճակն աստիճանաբար բարենպաստ պայմաններ ստեղծեցին իսլամականների համար, որոնք 2014թ-ի սկզբից մեկը մյուսի հետևից իրենց վերահսկողության տակ առան իրաքյան մի շարք տարածքներ:

Վերոշարադրյալի համատեքստում շարունակվող սիրիական պատերազմը և այստեղ ակտիվ ներգրավված «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումը (կառույցի անվանումն արդեն վկայում է, որ Սիրիայում ակտիվություն ցուցաբերելուց զատ, ԻՇԻՊ-ը պետք էր ապահովեր իր ակտիվությունը նաև իր բնօրրանում՝ Իրաքում) իր անմիջական ներգրավվածությունն ունեցավ ներկայիս Իրաքում տեղի ունեցող գործընթացներին: Հենց ԻՇԻՊ-ն է հունիսի սկզբից Իրաքի հյուսիսում լայնածավալ գործողությունների նախաձեռնողը:

ԻՇԻՊ-ը, ձևավորվելով 2003թ-ից Իրաքում, 2012թ-ի վերջից ներքաշվեց սիրիական հակամարտության մեջ, և հատկապես 2013թ-ից մասնակցելովսիրիական կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին, իր ներկայությունն ապահովեց Սիրիայի տարբեր հատվածներում: Սիրիայում 2013թ-ի կեսերից կառույցի ամբողջական վերահսկողության տակ անցան Եփրատ գետի երկայնքով ծգվող զգալի տարածքներ և միակ սիրիական շրջկենտրոնը՝ ալ-Ռակա քաղաքը, որը վերածվեց իսլամականների կենտրոնի: Արդեն 2014թ-ի սկզբից իսլամականները ակտիվություն ցուցաբերեցին և ռազմական լայնամասշտաբ գործողությունների անցան նաև հարևան Իրաքում, որի համար  բարենպաստ պայմաններ էին ստեղծվել Իրաքի արևմտյան սուննիաբնակ հատվածներում: Իրաքում կառույցի կողմից մի շարք բնակավայրերի նկատմամբ վերահսկողության հաստատումը ստիպեց խոսել ԻՇԻՊ-ի կողմից վերահսկվող նոր տարածքների մասին, որի արեալը ընգրկեց սիրիական Հալեպի հյուսիս-արևելյան հատվածից մինչև Իրաքի կենտրոնական հատվածները:

Այս տարածքներից էլ ընդդիմադիրները հունիսի սկզբից լայնամասշտաբ հարձակման անցան դեպի իրաքյան հյուսիսային տարածքները: Իսլամականների հարձակման թիրախը  հյուսիսում` Նինավա նահանգն էր, որտեղ ընդդիմադիրներին հաջողվեց գրավել վերջինիս կենտրոն Մոսուլը: Այնուհետև ընդդիմադիրները շարժվեցին դեպի հարավ՝ գրավելով Սամարրա և Թիքրիթ քաղաքներն ու շրջակա բնակավայրերը:  Հունիսի 18-ին ընդդիմադիրների վերահսկողության տակ անցավ Մոսուլից հյուսիս-արևմուտք ընկած ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Թալաֆար շիաբնակ քաղաքը, նույն օրը ընդդիմադիրների վերահսկողության տակ անցավ Մոսուլի և Թիքրիթի միջև գտնվող իրաքյան խոշորագույն նավթամշակման կենտրոններից մեկը՝ Բայջին և ընդդիմադիրները հյուսիսից և արևմուտքից մոտեցան Բաղդադին:

ԻՇԻՊ-ի զինյալների հետ միասին իրաքյան կառավարական ուժերի դեմ կռվում են մոտ 80 արաբ ցեղախմբերի զորամիավորումներ (այսպես կոչված «Իրաքի ցեղերի ռազմական խորհուրդի» ստորաբաժանումները): Վերջիններս ամուր դիրքեր ունեն ալ-Ֆալուջայում, Ռամադիում, Նինավա, Սալահ ադ-Դին և այլ նահանգներում: Բացի այդ, իսլամականների կողքին կռվում են նաև Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեինի բանակի զինվորները և սպաները, ինչպես նաև Նակշբանդիական (իսլամի սուֆֆիական միաբանություններից մեկը, որն ամուր և բավական ազդեցիկ դիրքեր ունի իրաքյան սուննիական միջավայրում, և որի աճող ազդեցության մասին ամերիկյան իշխանությունները Իրաքի կառավարությանը զգուշացնում էին դեռևս 2009թ-ին) բանակը նախկին փոխնախագահ Իբրահիմ ադ-Դուրիի գլխավորությամբ, որի մեջ են 1000-ավոր «ԲԱԱՍ» կուսակցության անդամներ, իրաքյան «Մուսուլման եղբայրների», սուֆիական այլ միաբանությունների ներկայացուցիչներ և այլն: Հունիսի սկզբից իրաքյան բանակային ստորաբաժանումները, չկարողանալով դիմակայել ընդդիմադիրների առաջխաղացմանը, փախուստի դիմեցին՝ թողնելով զգալի քանակի զինտեխնիկա և սպառազինություն, ինչն էլ առգրավվեց ընդդիմադիրների կողմից, և այս պահին օգտագործվում է իրաքյան ուժերի դեմ պայքարում:

ԻՇԻՊ-ի գործողություններում նկատվող մոտիվացիան և գաղափարական հիմնավորումները նույնպես կարևոր դեր խաղացին: Մինչ տարածաշրջանային իսլամական շատ ուժեր հայտարարում են, որ պայքարում են իսլամական պետություն ստեղծելու համար, ԻՇԻՊ-ն իր անվանումով («Իրաքում և Շամում իսլամական պետություն») ենթադրում է արդեն «իսլամական պետության» գոյություն, որին կարող են միանալ մուսուլմանները, իսկ իր առաջնորդի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անվանարկման մեջ Մուհամմադ մարգարեի ցեղի վկայակոչումը (Աբու Բաքր ալ-Բաղդադի ալ-Կուրայշի) նպատակ է հետապնդում  ընդգծել մարգարեի ցեղին պատկանող ԻՇԻՊ-ի առաջնորդի անձի կարևորությունն ու առանձնահատուկ վերաբերմունքը մուսուլմանների կողմից:

ԻՇԻՊ-ի ֆինանսական ռեսուրսները հնարավորություն են տալիս իսլամականներին սպառազինվելու, նոր անդամներ հավաքագրելու և ռազմական կոմպանիաների վրա զգալի միջոցներ ծախսելու համար: Նվաճված Մոսուլի բանկերից իսլամականների գրպանեցին ավելի քան 400 մլն. ամերիկյան դոլար, որը համալրեց ԻՇԻՊ-ի ֆինանսական կարողությունը՝ կառույցը դարձնելով իսլամական ծայրահեղ արմատական ամենահարուստ  կառույցներից մեկը: Դրա հետ միասին ԻՇԻՊ-ը վայելում է տարածաշրջանային որոշ երկրների ֆինանսական կենտրոնների և առանձին անհատ հովանավորների ֆինանսական օժանդակությունը: ԻՇԻՊ-ի վերահսկողության տակ են էներգակիրներով հարուստ սիրիական որոշ տարածքներ, որտեղ կառույցը զբաղվում է նավթա-գազային պաշարների վաճառքով, ինչպես նաև, կարողանում է որոշակի օգուտներ քաղել հարակից սիրիական տարածքներով անցնող նավթամուղերով և գազամուղերով փոխադրվող էներգետիկ ռեսուրսների ապահով տեղափոխման համար, ինչը եւս լրացուցիչ ֆինանսական հոսքեր է ապահովում կառույցին:

 Իրաքյան այս բարդ ու անվերահսկելի զարգացումները երկիրը տանում են դեպի երկարատեւ ճգնաժամ, որն անմիջական սպառնալիք է պարունակում Իրաք պետության ամբողջականության պահպանման և տարածաշրջանում կայունության հաստատման համար: Այսօր թուլացող շիական շղթայի իրաքյան հատվածի հերթն է, որի հանդուրժումը հղի է անդառնալի հետևանքներով նաև համաշխարհային մասշտաբով: Դրա հետ մեկտեղ 2014թ-ի սկզբից Իրաքում ռազմական լայնամասշտաբ գործողությունների նախաձեռնման հետևում կանգնած ԻՇԻՊ-ը աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային ամենաազդեցիկ իսլամական ծայրահեղ արմատական ուժի՝ իր վերահսկողության տակ ունենալով տարածք, լավ սպառազինված և մարտական փորձ ձեռք բերած զինուժ, ֆինանսական զգալի ռեսուրսներ ու իր նախաձեռնություններում և գործողություններում հստակ ընդգծված շարժառիթներ: Այս ամենով զինված՝ ԻՇԻՊ-ը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն մերձավորարեւելյան տարածաշրջանի համար, այլև նրա սահմաններից դուրս: 

Սարգիս Գրիգորյան