ԼՂ հարցով բանակցությունները շարունակվում են շուրջ 20 տարի եւ դեռ երկար կշարունակվեն: Երեւանում «Հայ-ռուսական փոխգործակցություն. Տարածաշրջանային խնդիրներ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը:

«Դա շատ երկար գործընթաց է, եւ միայն Հայաստանից ու Ադրբեջանից են կախված խնդրի լուծման ուղիները, որոնք պետք է փոխզիջումային ելք գտնեն»,- ասաց նա:

«Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակը ձեր աչքերի առաջ է: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվեց խաղաղ լուծումից եւ հավերժորեն կորցրեց այդ տարածքները»,- նկատեց փորձագետը: Հարցին՝ եթե Ադրբեջանի նախագահ Ալիեւի նյարդերը տեղի տան ու նա պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, արդյո՞ք Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչպես դա եղավ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում, Ռեշետնիկովը պատասխանեց. «Ալիեւը Սահակաշվիլի չէ: Նրանք բոլորովին տարբեր մարդիկ են:

Սահակաշվիլիի դեպքում տեսանելի է, որ նա նորմալ չէ: Հույս ունենանք, որ ոչ ոքի նյարդերը տեղի չեն տա»: Նա միաժամանակ հավելեց, որ ոչ մի արտաքին ուժեր, անկախ նրանից, թե որքանով են հեռու տարածաշրջանից, չեն կարող ազդել ԼՂ խնդրի լուծման վրա: «Ոչ ոք չի կարող ճնշել Երեւանի ու Բաքվի վրա՝ պահանջելով այս կամ այն լուծումը»,- հավաստիացրեց փորձագետը:  

Նշենք, որ այսօր Երեւանում կայացել է «Ռուս-հայկական փոխգործակցություն. Տարածաշրջանային խնդիրներ» անունը կրող խորհրդաժողովը, որին մասնակցել են հայ եւ ռուս փորձագետներ, քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ: