Հաջորդ տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է, որի միջազգային ճանաչման գործում հատուկ դեր է խաղում Իսրայելը: Այդ մասին «Իսրայելն ու հայերի ցեղասպանությունը» հոդվածում գրում է իտալացի վերլուծաբան Սիմոնե Զոպելարոն:

Նրա խոսքով՝ երկար տարիներ Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում տաբու էր, իսկ հրապարակային ճանաչման վրա տարբեր կառավարություններ վետո էին դնում՝ զգուշանալով, որ դա կվնասի Թուրքիայի հետ հարաբերություններին: «Եվ դա չնայած նրան, որ հանցագործությունից հետո հրեական աշխարհում ոմանք իրենց ցավակցություններն ու միասնականությունը հայտնեցին»,- գրում է հեղինակը:

Նա հիշեցնում է, որ գործընթացը փոքր-ինչ տեղից շարժվեց, երբ Քնեսեթում պատգամավոր Զաավա Գալյոնի նախաձեռնությամբ բաց քննարկվեց հայոց ցեղասպանության հարցը:

Վերլուծաբանը կարծում է, որ ռազմավարական կարեւոր գործոն են Ադրբեջանի հետ ջերմ հարաբերությունները: «բաքուն դեմ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ նպատակով երկիրը լոբբիստական եւ դիվանագիտական ճնշում է գործադրում: Ի դեմս Իսրայելի Ադրբեջանը հիանալի դաշնակից ձեռք բերեց»,- նշվում է հոդվածում:

«Սակայն ավելի նշանակալի են վերջին ամիսներին տեղի ունեցած փոփոխությունները, երբ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձյալ միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվեց»,- գրում է վերլուծաբանը՝ վերջին իրադարձությունները կապելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցական հայտարարության հետ:

Քայլը Թել-Ավիվում փոքր-ինչ անսպասելի էր, որտեղ կիսվում են կարեւոր դանաշկցի հետ հարաբերությունները պաշտպանելու եւ անխուսափելի հարցի կապակցությամբ դիրքորոշում ունենալու ցանկությունների միջեւ: Հեղինակը նաեւ նշում է ԱՄՆ-ում հրեական համայնքի վերջին գործողությունների մասին, երբ Աբրահամ Ֆոքսմանն անցյալ տարի մայիսին վերջապես ընդունեց, որ հայերի հետ կատարվածը կարող է բնութագրվել որպես ցեղասպանություն:

Եվ, վերջապես, կարեւոր փաստ է Ռեուվեմ Ռիվլինի նախագահ ընտրվելը, ով բազմիցս հայտարարել է անհրաժեշտության մասին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Հեղինակը դժվարանում է ասել, կգերակայի արդյոք նման դիրքորոշումը կարծիքին, թե չի կարելի համեմատել Հոլոքոստն ու Ցեղասպանությունը: «Սակայն այն, ինչն առկա է հիմա, տագնապ է հարուցում նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են զոհաբերել հազարավորների հիշատակը քաղաքական շահերի զոհասեղանին»,- եզրափակում է վերլուծաբանը: