Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի հանձնաժողովում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Սարսանգի ջրամբարի ճակատագրի քննարկումը հայկական կողմի շահերից է բխում: Այս մասին հուլիսի 3-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարեց իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը երկար ժամանակ Սարսանգի ջրամբարի հարցը հնարավոր բոլոր միջոցներով փորձել է քննարկման դնել միջազգային բոլոր կառույցներում, սակայն միշտ բացասական պատասխան է ստացել: Այս անգամ հարցն ուղարկվել է ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողով:

Կարապետյանը նշեց, որ Սարսանգի ջրամբարի հարցը ներկայացվում է որպես մարդասիրական, քանի որ դրա հարակից տարածքներում բնակվող ադրբեջանցիները զրկված են դաշտերը ոռոգելու հնարավորությունից, ինչի հետեւանքով մարդասիրական աղետ է հասունանում:

«Հայկական կողմի համար այդ հարցի քննարկումը շատ կարեւոր է. պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս առաջարկել է Սարսանգի ջրամբարը շահագործել ադրբեջանական կողմի հետ համատեղ: Եթե ադրբեջանական կողմը համաձայնի դրան, ապա ստիպված կլինի բանակցություններ վարել հայկական կողմի հետ»,- ասաց պատգամավորը: