Վերջին շրջանում սահմանին լարվածությունը դրական ազդեցություն ունեցավ հասարակության վրա, դրա հետեւանքով բարձրացավ ժողովրդի հայրենասիրական ոգին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Այս իրադարձությունների առանձնահատկությունն այն է, որ եւ մերոնց ռազմական հոգին բարձրացավ, եւ հայրենասիրական զգացմունքները սրվեցին: Հասարակությունը միանգամից մոբիլիզացվեց, նորից արթնացավ հաղթողի հոգեբանությունը, հակառակն էլ եղավ ադրբեջանցիների մոտ: Եթե մոզ մոտ տագնապ էր, իրենց մոտ վախ էր»,-ասաց Սամվել Խուդոյանը՝ նշելով, որ մեզ մոտ հասարակության շրջանում միայն թեթեւ տագնապ է նկատվում:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը նույնպես կարծում է, որ սահմանային լարվածության սրումը դրական հետեւանքներ են ունեցել Հայաստանի համար:
Ըստ նրա՝ վերջին դեպքերի արդյունքում հասարակությունն սկսեց իրեն եւ բանակն ընկալել որպես մի ընդհանրություն:
Պրոֆեսորի խոսքով՝ անգամ այն, որ Հայաստանին ոչ մի երկիր չաջակցեց, դրական ազդեց. մենք հասկացանք, որ հույսներս պետք է դնենք միայն մեզ վրա:
«Սա պատերազմ չի, սա դիվերսիոն էքսպերիմենտ էր, որը տվեց որոշակի արդյունքներ: Մեզ համար ակնհայտ երեւաց, որ մեր բանակը կարողանում է դիմադրել, իսկ ադրբեջանցիները տեսան, որ հայկական դիրքերը շատ լավ պաշտպանված են: Նրանք հասկացան, որ պատրաստ չեն պատերազմին: Հասկացան, որ Ռուսաստանը չի արձագանքի ռազմական գործողությունների արդյունքում, նույնիսկ բանավոր»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Ըստ նրա՝ պատերազմի վտանգ կա, բայց հավանականությունը շատ քիչ է: «Այս պարագայում պատերազմը երկրաշարժի նման մի բան է, ամեն վայրկյան կարող է պատահել, պետք է պատրաստ լինել»,-ասաց նա՝ նշելով, որ լավ կլիներ, որ ինչպես Թուրքիան իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին, Ռուսատանն էլ նման քայլ աներ Հայաստանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվածություն կա Արցախի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին: Հակառակորդն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:





























