Համաձայն ԱՄՆ թրաֆիքինգի 2010թ. զեկույցի՝ տարվա ընթացքում Հայաստանում առաջընթաց է արձանագրվել: Զեկույցը, որ ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, կազմված է առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ օտարերկրյա կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացրած տվյալների հիման վրա:

Փաստաթղթում բոլոր պետությունները բաժանված են երեք խմբի: Առաջինում ընդգրկված են երկրներ, որտեղ խստորեն պատժում են թրաֆիքինգի կազմակերպիչներին եւ աջակցում են տուժողներին։ Այդ խմբում է Հայաստանի հարեւան Վրաստանը։

Երկրորդ խումբը, իր հերթին, բաժանված է երկու ենթախմբերի։ Հայաստանը առաջին ենթախմբում է, այստեղ են նաեւ Բելառուսը, Կոսովոն, Ղըրղըզստանը, Չեռնոգորիան, Պակիստանը, Ուկրաինան։ Այս ենթախմբի պետությունները ոչ ամբողջությամբ են համապատասխանում թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին ամերիկյան օրենքի նվազագույն պահանջներին, սակայն նշանակալից առաջխաղացում են գրանցել դրանց ձգտելու ուղղությամբ։

Զեկույցի հայաստանյան բաժնում նշվում է, որ կանայք թրաֆիքինգի են ենթարկվում առավելապես սեռական շահագործման նպատակով։ Նրանք հայտնվում են Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում։ Տղամարդկանց աշխատեցնելու համար փոխադրում են Ռուսաստան։

Հայաստանի ներսում նույնպես երիտասարդ տղաներին հարկադրում են աշխատել, իսկ աղջիկներին եւ կանանց սեռական շահագործման են ենթարկում։ Զեկույցի համաձայն, Հայաստանում շահագործման են ենթարկվում նաեւ ռուսաստանցի կանայք։

Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է ֆինանսավորել թրաֆիքինգից տուժողներին աջակցող ոչ կառավարական կազմակերպությունները։ Բացի այդ, անհրաժեշտ է առավել ակտիվ հետաքննել թրաֆիքինգի դեպքերը եւ խստորեն պատժել հանցագործներին, այդ թվում՝ թրաֆիքինգի հետ առնչություն ունեցող պաշտոնյաներին։

Ներկայացված զեկույցում ասվում է, որ երկրորդ խմբի երկրորդ ենթախմբի երկրները նույնպես առաջխաղացում են գրանցել, սակայն այստեղ դեռ մեծ է թրաֆիքինգից տուժողների թիվը, չկան փաստեր, որոնք կարող են վկայել, որ երկիրը լրացուցիչ ջանքեր է գործադրել անցած տարիներին գրանցված թրաֆիքինգի առավել զարհուրելի դրսեւորումների դեմ պայքարելու համար, սակայն կան պայքարը հաջորդ տարվա ընթացքում խստացնելու մասին պետության կողմից տրված խոստումներ։ Այս խմբում է Հայաստանի հարեւան Ադրբեջանը։

Հայաստանի մյուս հարեւանը` Իրանը, երրորդ` ամենավատթար խմբում է. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։