ԱՄՆ Թեքսաս նահանգում փորձնական մեկնարկի ժամանակ պայթել է Falcon 9R հրթիռակրի նախատիպը, որն ստեղծել էր Քալիֆորնիայի SpaceX ընկերությունը, հայտնել է NBC հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի է ունեցել մեկնարկի առաջին վայրկյաններին: Ըստ ունեցած տեղեկության` վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Փորձարկումը տեղի է ունեցել Թեքսաս նահանգի Մաքգրեգոր գիտատեխնիկական կենտրոնում, որտեղ աշխատում է 250 մարդ: «Թռիչքի ժամանակ շարժիչներում անսարքություններ են հայտնաբերվել, համակարգն անմիջապես ընդհատել է թռիչքը», - հայտնել է SpaceX-ի ներկայացուցիչը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Falcon 9R-ի նախատիպը համալրված է երեք շարժիչով: Ծրագրավորողների խնդրն է եղել հրթիռի մեկնարկն իրականացնելը եւ նրա վերադարձը մեկնարկային պլատֆորմ` նախկինում ստեղծված ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի Grasshopper հրթիռի նմանողությամբ: Ըստ SpaceX-ի ղեկավար Էլոն Մասքի հայտարարության` հաջորդ սերնդի հրթիռների արտադրությունը պետք է տասնյակ անգամ ավելի էժան լինի, քան Grasshopper-ի արժեքը:





























