Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերջին փուլում հատկանշականն այն է, որ հովանավորչությունը, կարծես թե, իր ձեռքն է վերցրել Ռուսաստանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախկինում հանդիպում էին նաեւ Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում, ապա այժմ ավելի շատ հանդիպում են հենց Ռուսաստանում՝ այդ երկրի նախագահի կամ վարչապետի հովանու ներքո։
Գ. Հարությունյանի խոսքով, Ռուսաստանի հովանավորչական ձգտումները՝ հերթական անգամ «հանդիպեցնել» հակամարտող կողմերին, նպատակ են հետապնդում ղարաբաղյան գործընթացը տեղափոխել առավել կառուցողական դաշտ։ «Պատճառը, հավանաբար, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն են, որոնք միջազգային հանրության մոտ դժգոհություն են առաջացրել»,- կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի նախագահը՝ դժվարանալով,սակայն, կանխատեսել, թե ինչ կարող է լինել այս հանդիպումից հետո։
«Ինչ էլ որ լինի, չեմ կարող բացառել, որ հայ-ադրբեջանական այս հանդիպումը մի փոքր կպարպի երկու երկրների միջեւ ստեղծված իրավիճակը»,- նկատեց Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նման իրավիճակ ստեղծելու մեղավորը Ադրբեջանն է, որը, փորձագետի խոսքով, իր ռազմատենչ պահվածքով ռիսկ է անում շատ բան կորցնել։
Ամփոփելով՝ «Նորավանք» հիմնադրամի նախագահը համոզմունք հայտնեց, որ եթե երկու երկրների նախագահները շարունակեն հանդիպումները, ապա դա կնշանակի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ հարցի շուրջ, այնուամենայնիվ, պայմանավորվել են։ «Եթե հանդիպումները շարունակական լինեն, ապա պետք է կարծել, որ երկու երկրների ղեկավարները որոշել են բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնել։ Սակայն եթե այս հանդիպմանը դադար հետեւի, կնշանակի, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխըմբռնման չեն հասել»,- եզրափակեց նա։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 17-ին։




























