Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ բանակցությունները սկսվել են շուրջ մեկ ամիս առաջ, սակայն բանն այն է, որ մինչեւ բուն համաձայնագրի ստորագրումը՝ Հայաստանը դեռ շատ «տնային աշխատանքներ» պետք է կատարի։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ «Եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը՝ խոսելով վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ Հայաստանի եւ ԵՄ միջեւ տարվող աշխատանքների ընթացքի մասին։

«Տնային աշխատանքներ» ասվածը Վիկտոր Ենգիբարյանը նույնացրեց կառավարության համապատասխան գործունեության հետ։

«Որքան կառավարությունը լավ եւ արագ աշխատի այդ ուղղությամբ, այնքան արդյունքներն ավելի արագ կստացվեն»,- համոզմունք հայտնեց նա՝ հույս հայտնելով, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման գործընթացը կխլի ամենաշատը երկու տարի։ «Սա վիզային ռեժիմի վերացում չէ, այլ պարզապես՝ հեշտացում»,- ընդգծեց Ենգիբարյանը:

Հարցին, թե ինչո՞վ կբացատրի փաստը, որ հարեւան Վրաստանի հետ ԵՄ նույն գործընթացն ավարտին հասցրեց համեմատարաբար կարճ ժամանակահատվածում, Ենգիբարյանը նկատեց։ «Հայաստանը եւ Վրաստանը վիզային ռեժիմի պարզեցման սկզբունքորեն նույն ճանապարհն են անցել, սակայն Վրաստանի պարագայում որոշումը քաղաքական աստառ ունի։ Այդ երկիրը շատ ավելի զգալի ներկայություն ունի եվրոպական կառուցներում»,- նկատեց նա՝ հավելելով, որ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, ընդգծված եվրոպական քաղաքական ուղեգիծ է որդեգրել։

Նշենք, որ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը Վրաստանի եւ ԵՄ միջեւ կնքվել է երեկ՝ հունիսի 17-ին։ Նախատեսվում է, որ Հայաստանի հետ ԵՄ-ն նմանօրինակ համաձայանգիր կկնքի մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում։